NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հայաստանը շրջափակվում է պանթուրանական ծրագրով». Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Ջավախքահայությանը
«Ցավոք, Հայաստանի կառավարությունը այդպես էլ չհասկացավ խնդրի բուն էությունը: Նա թեեւ դեմ էր արտահայտվում Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությանը, բայց միայն այն պատճառով, որպեսզի դրա փոխարեն գործարկվի Գյումրի-Կարսը եւ Հայաստանի բյուջեն էլ մի քանի ցենտի օգուտ ստանա պանթուրքական հաղորդակցությունից»,- ԱԱԾ մեկուսարանից Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նման բովանդակությամբ բաց նամակ է հղել ջավախքահայությանը:
Նրա կարծիքով, ՀՀ կառավարությունը չի հասկացել, որ խնդիրը առաջին հերթին քաղաքական է եւ մեր տարածաշրջանին սպառնում է ամբողջական թրքացմամբ` տնտեսական, մշակութային, քաղաքական, ժողովրդագրական իմաստով:
«Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը: Հայ մարդիկ դեմ են այս նախագծին ոչ այն պատճառով, որ երկաթուղային հաղորդակցությունը շրջանցում է Հայաստանի հանրապետության տարածքը, այլ այն պատճառով, որ սա շատ վտանգավոր օղակ է Հայաստանը հյուսիսից շրջափակող պանթուրանական ծրագրերում: Այս հակահայ նախագծի հարվածն ուղղված է Ջավախքի սրտին:
Նպատակն է հայաթափել այն եւ բնակեցնել օտար տարրերով, որոնք պետք է թափանցեն երկրամաս որպես շինարարներ եւ երկաթգիծը սպասարկողներ»,- գտնում է Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ ձերբակալությունից առաջ Սեֆիլյանը հացրել էր նաեւ հայաթափված Ջավախքը վերաբնակեցնելու ծրագիր ներկայացնել, որը պետք է կյանքի կոչեր «Արաքս - Կուր» հիմնադրամը:
«Ազգային շահերին դավաճանող հայաստանյան վարչախումբը ոչ միայն չաջակցեց ջավախահայությանը, այլեւ ամեն կերպ փորձեց խափանել նրա պայքարը, հուսահատեցնել եւ զրկել թիկունքից, ձերբակալեց եւ արտաքսեց հակահայ նախագծի դեմ պայքարող գործիչ Վահագն Չախալյանին: Նման վարքագիծ են դրսեւորում նաեւ վրացական պետությանը ծառայող տեղացի չինովնիկները»: Բաց նամակի վերջում Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնում, որ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ են գիտակցում ոչ միայն երկրամասի, այլեւ ամբողջ հայության գլխին կախված սպառնալիքը եւ իրենց մեջ ուժ կգտնեն խափանելու հակահայ այս նախագիծը:
«Վստահ եմ, որ վճռական պահին նրանք կունենան նաեւ համայն հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության աջակցությունը: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող կոտրել հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Ուրեմն չվհատվենք եւ պաշտպանենք մեր երկիրը թրքական շրջափակման աճող սպառնալիքից»,- ասում է Սեֆիլյանը:
Ի դեպ, ապրիլի 10-ին հերթական անգամ կլրանա Սեֆիլյանին նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի ժամկետը: «Ժիրայր Սեֆիլյանի-Վարդան Մալխասյան» զորակցության կոմիտեն վստահ է, որ դատարանը հերթական անգամ անհիմն կերկարացնի նրանց Սեֆիլյանի կալանքի ժամկետը:
«Չեկիստ-քննիչները եւ նրանց քաղաքական տերերը ամենաանհեթեթ հիմնավորումներով պատրաստվում են եւս երկու ամսով երկարաձգել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանքի ժամկետները «,- հանրությանը տեղեկացնում է զորակցության կոմիտեն` Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին զորակցողներին չորեքշաբթի, ապրիլի 4-ին, ժամը 17.00-ին հրավիրելով Միքայել Նալբանդյանի արձանի մոտ` մասնակցելու բողոքի ցույցի:
