NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավորը խախտել է ընթացակարգը
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ Դավիթ Մաթեւոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Երվանդ Զախարյանին իրազեկել էին, որ մարտի 30-ին, Ազատության հրապարակում անցկացնելու են հանրահավաք: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հանրահավաքը արգելելու մասին որոշում էր կայացրել: Չնայած, «Այլընտրանքը» հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հանգամանքը եւ «առաջնորդվելով հանրային բարոյականության նորմերով», մարտի 30-ի հանրահավաքը տեղափոխում է ապրիլի 13-ին, Դավիթ Մաթեւոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը մարտի 30-ի հանրահավաքն արգելելու մասին քաղաքապետի ներկայացուցչի որոշումը բողոքարկել էին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Ինչպես մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Այլընտրանք նախաձեռնության անդամ, Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայցը դատարան է մուտքագրվել մարտի 26-ին, ժամը 9.20-ին, ինչի մասին առկա է համապատասխան փաստաթուղթ: Ըստ օրենքի, դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում»: Չնայած դրան, գործով դատական առաջին եւ միակ նիստը դատարանը (դատավոր` Գայանե Կարախանյան) նշանակել է մարտի 29-ին, ժամը 16.30-ին, այսինքն 77 ժամ 10 րոպե անց: Դատավոր Կարախանյանը որեւէ կերպ չի բացատրել այդ օրինախախտման պատճառը: Սակայն օրենքի ոտնահարումը միայն դա չէ: Հայցվորները դատական նիստի մասին տեղեկացել են նիստից մի քանի ժամ առաջ: Իսկ հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ընդհանրապես չի իրազեկվել նիստի մասին: Չնայած հայցվոր կողմի առարկությանն այն մասին, որ իրենք ունեն գործի հետ առնչություն ունեցող կարեւոր փաստեր եւ փաստարկներ, որոնք մտադիր են պարզաբանել դատական նիստի ընթացքում, դատարանը ընդունել է պատասխանող կողմի միջնորդությունը` արագացված դատաքննություն իրականացնելու մասին, եւ առանց հայցվոր կողմի բացատրությունները, պարզաբանումները լսելու, առանց նրան հարցեր տալու, միջնորդություններ հարուցելու հնարավորություն ընձեռելու, հեռացել է վճիռ կայացնելու, եւ որպես հետեւանք մերժել է հայցը:
