NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրաժարվել են 3 կուսակցություն եւ 33 քաղաքացի
Մարտի 28-ին լրանում էր Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամկետը, որի ընթացքում եւ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն ու անձիք պետք է կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնեին թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթրը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 28 քաղաքական միավորներից գրանցման փաստաթղթեր են ներկայացրել 25-ը: Ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու ցանկություն հայտնած 174 քաղաքացիներից 33-ը փոշմանել են, գրանցման փաստաթղթեր է ներկայացրել 141-ը:
ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով չեն մասնակցի «Հայոց հայրենիք», Հայաստանի ազատական առաջադիմական եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները: Բայց այս կուսակցությունների նախագահները մեծամասնական ընտրակարգով պայքարը շարունակում են:
Հրաժարականներ են եղել 41 ընտրատարածքներից կեսում` 20-ում: Ամենաշատ հրաժարականները թիվ 31 ընտրատարածքում` չորս հոգի, բայց թիվ 31-ը թեկնածուների առատությամբ առաջիններից մեկն է` 6 պատգամավորացու:
«Դաշինք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով պայքարելու ցանկությունը դեռ վառ է պահում, բայց կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ինքնակամ հրաժարվել է Սյունիքի մարզի թիվ 37 մեծամասնական ընտրատարածքում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ պայքարելուց: Սամվել Բաբայանի կողմակիցները պնդում են, որ իրենց ղեկավարի որոշումը պայմանավորված է դեռ ընտրապայքարը չսկսած խախտումների առատությամբ:
Մեծամասնական ընտրակարգով պայքարելու իրենց եւ իրենց կուսակցության որոշումը վերանայել են Բարգավաճ Հայաստան կուսակցության մեկ, Առաջադիմական կուսակցության` չորս, Հայոց համազգային կուսակցության` երեք, Ազգային վերածնունդ կուսակցության երկու, Օրինաց երկիր կուսակցության` երկու ներկայացուցիչ: Բայց առանձնակի ուշադրության արժանի ընտրատարածքներ դեռ կան: Արարատի թիվ 18 ընտրատարածքում առաջադրված էին Վեդի Ալկո ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը եւ Վեդի Ալկո ընկերության փոխտնօրեն Արմեն Ղազարյանը: Բայց Արմենը փոշմանել է: Իսկ ահա Երեւանի թիվ 10 ընտրատարածքում գործարար Խաչատուր Սուքիասյանի դեմ պայքարելու մտքից չի հրաժարվել նրա սեփականություն «Նարեկ» ՍՊԸ փոխտնօրեն Վիլհելմ Պողոսյանը:
Երեւանի թիվ 11 ընտրատարածքից պատգամավոր դառնալու ցանկությունից չի հրաժարվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:
Նոր հայկական «բարի» ավանդույթի համաձայն մեկ թեկնածուով ընտրատարածքներ կան: Այս անգամ հինգը: Առանց մրցակցի թեկնածուներից ոչ ոք չի հրաժարվել պատգամավոր դառնալու ցանկությունից: Անմրցակիցներն են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Մելիք Մանուկյանը, Հրանտ Գրիգորյանը, Սուրիկ Պողոսյանը: Անմրցակից 5 թեկնածուներից 2-ը ԲՀԿ-ից են 2-ը` ՀՀԿ-ից: Անկուսակցական է Սամվել Ալեքսանյանը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումից հետո գերիշխող դարձավ այն տեսակետը, թե ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների միջեւ է լինելու: 41 մեծամասնական ընտրատարածքներից միայն չորսում է` թիվ 4, 23, 25, 39, որ թեկնածուներ ունի եւ ՀՀԿ եւ ԲՀԿ-ն: Իսկ ահա թիվ 10, 8, 11, 30, 40 ընտրատարածքներում ոչ ՀՀԿ-ն ոչ ԲՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել: Սակայն այս բոլոր ընտրատարածքներում իշխանական երկու կուսակցություններ էլ ունեն իրենց «պաշտպանյալները»:
Ապրիլի 2-7 ժամանակահատվածում Հայաստանի Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ըստ ներկայացրած փաստաթղթերի կորոշեն քաղաքական որ ուժին, կամ ում գրանցել թեկնածու, ում` ոչ:
