NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Երեվանը մերն է, մենք ենք որոշում՝ մեր քաղաքում ինչ եւ ինչպես պիտի լինի...»
«Ես ուզում եմ օրինապաշտ երկրում ապրել»: «Ուզում եմ, որ մեր Երեւանը կանաչ ու արեւոտ լինի»:
Սա այն մինիմումն է, որ խնդրում ու պահանջում էին կիրակի օրը «Հարավային պողոտա» խորագրով երթի դուրս եկած երեւանցիները։ Կոմիտասի այգում հավաքվելով՝ նրանք դարձյալ ազդարարեցին, որ «ՍԿՍԵԼ Ա»: Հետո «Ես ուզում եմ, որ Երեւանը…» վերտառությամբ պաստառին անցորդները թողեցին իրենց ցանկությունը:
«Վերջ տվեք այս ցեղասպանությանը», «Ոչ` անօրինությանը», «Մի քանդեք մեր տունը» եւ նման այլ պաստառները ձեռքներին, երգերով ու կոչերով մասնակիցները քայլեցին Երեւանի փողոցներով։
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Ադելին բարկացնում են մայրաքաղաքում կատարվող անօրինությունները։ «Եկել եմ ասելու՝ ո՛չ վանդալիզմին, ո՛չ էլիտար շենքերին: Սա հիանալի ակցիա է: Երիտասարդները միանում են վերջապես, ուժ են դառնում, որ վերջ դնեն բացասական ամեն ինչի: Եկել ենք ապացուցելու, որ Երեւանը մերն է, մենք ենք որոշում, թե մեր քաղաքում ինչ եւ ինչպես պիտի լինի»,- ասաց նա:
Ադելը գիտի, որ իրենց հենց վաղը չեն լսելու, բայց հուսահատվել չի կարելի։ «Մեզ դեռ շատերն են միանալու»,-ասում է նա:
Հանուն կանաչապատման, գեղեցիկ քաղաքի, անօրինաբար քանդվող շենքերի՝
այս անգամ «Սկսել ա»-ի մշտական մասնակիցներին միացել էին նաեւ բնապահպանական եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, մարդիկ, ովքեր Հյուսիսային պողոտայի ու քաղաքի այլ էլիտար թաղամասերի կառուցապատման արդյունքում տնանկ էին դարձել։
«Սա ցեղասպանություն է: Եթե մարդը վստահ չէ, որ վաղն էլի իր տանն է գիշերելու, որ իր երեխաները գլխին ծածկ են ունենալու, եթե վախենում է ամեն վայրկյան ներս խուժող վայրենի կատարողականներից, սիրտը չի դիմանա: Այս պայմաններում կարելի է մարդասպան էլ դառնալ»,- վրդովվում էր Անահիտ Բուրանյանը, ում տունը Ֆիրդուսի փողոցին հարող տարածքում է։ Այնտեղ հիմա շինարարություն է իրականացվում, եւ նրա տան հարցը կախված է օդում։
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եկել էր օգնելու, խորհուրդներ տալու ու բնակիչներին իրենց իրավունքները բացատրելու։
«Այսօր Կառավարությունն է որոշում՝ գերակա՞ է հասարակական շահը, թե՞ ոչ։ Իսկ 1998-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ կառավարությունը չի կարող նման իրավունք ունենալ: Կառուցապատման հարցում բնակիչները կողմ են ներկայացնում, որի հետ պետք է բանակցել, ոչ թե պարտադրել»,-ասում է Լ. Ալավերդյանը։
Նույնիսկ այն, որ հիմա նախընտրական շրջան է, ու մարդիկ հույս ունեն իրենց խնդիրները գոնե այս ընթացքում լուծել, փրկություն չէ: «Խոսքը փոքր կամ մասնակի շահերի մասին չէ, այլ մի հզոր բիզնես ծրագրի: Իսկ դա օրենք չի ճանաչում. պարզապես երեկվա ու այսօրվա սեփականատերերին հանում են իրենց կացարաններից»,- համոզված է նախկին օմբուդսմենը:
Նա վստահ է, որ մեր երկրում իրավունքին ու սեփականության տեր կանգնելու համար պետք է մասսայաբար դատարաններ դիմել: Սակայն, «Սկսել ա»-ի նման ակցիաներն էլ շատ կարեւոր են: «Եթե բոլորիս ինքնագիտակցությունը բարձրանա, տեղակացվածությունը ավելանա, բողոքի ձայնը հուժկու լինի, հաստատ կփոխենք մի բան: Ապրե՜ն այս երիտասարդները, լավ գործ են անում»:
«Սա Երեւանն է, ուր ամեն բան գռփելով է արվում: Բայց եթե երիտասարդը մի քիչ մտածի, ապա կհասկանա, թե ինչ անի այս ընտրությունների ժամանակ, որ քաղաքական ուժերն իրեն չօգտագործեն»,- ասաց ակցիայի մասնակից Գուրգենը:
«Սկսել ա»-ն շարժվում էր դեպի Երեւանի քաղաքապետարան`
քաղաքի ղեկավարներին ԷՇ նվիրելու, այսինքն` «էլիտար Շենք»-ի մոդել:
Հանրապետության հրապարակում նրանց կանգնեցրին ոստիկանները. վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը լսելով՝ երթի մասնակիցները դադարեցրին ակցիան։
Հաջորդ հանդիպումն ապրիլի 14-ին է. «Սկսել ա»-ն ռոք համերգ է պատրաստում։
Անահիտ Էվոյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի
մագիստրատուրայի 1-ին կուրս
