NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միայն համակարգային փոփոխությամբ
Հայաստանի խնդիրներն այնքան են խորացել, որ դրանց լուծումն այլեւս անհնար է պատկերացնել առանց համակարգային փոփոխության: Այդպես է կարծում Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնությա անդամ Վահագն Խաչատրյանը, ով մարտի 23-ին Հայելի ակումբում ԱԺԿ ցհամամասնական ցուցակի առաջին հնգյակում տեղ զբաղեցրած Հրանուշ Խառատյանի հետ պատասխանել է լրագրողների հարցերին: Հրանուշ Խառատյանն էլ կարծում է, որ եթե այս համակարգը շարունակի իր ընթացքը, ապա ժողովրդի որակական կորուստը լինելու է անդառնալի, իսկ 20 տարի անց էլ Հայաստանում չեն ապրելու այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել իրավիճակը:
Համակարգային փոփոխություններ իրականացնելու մեխանիզմների առումով երկու գործիչն էլ համաձայն են, որ պետք է ձեռնպահ մնալ հեղափոխական դասական ձեւից, երբ մարդիկ զենք են վերցնում եւ լուծում իրենց հարցերը: Վահագն Խաչատրյանն ասում է, որ համակարգային փոփոխության հնարավարություն են համարում ընտրությունները, այն ճանապարհը, որ հիմնված է օրենքի վրա: «Մենք այս էտապում պատկերացնում ենք, հիմա էլ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, որ հնարավորություն կա ընտրությունների միջոցով համակարգային փոփոխության հասնել: Ես անձամբ հակված եմ, որ այդ ամենն անենք այն հնարավորություններով, օրինական դաշտով, որը մեզ տրված է: Դա կլինի ընտրություն Ազգային Ժողովի, դա կլինի նախագահի ընտրություն, թե նմանատիպ միջոցառումներ: Ես շատ վախենում եմ այն մթնոլորտից, որը կոչվում է հեղափոխություն, որովհետեւ մի հեղափոխությունը հետո նոր հեղափոխություն է ծնում, ու այդպես անվերջանալի շրջան», ասում է Վահագն Խաչատրյանը:
Հեղափոխությունից վախենում է նաեւ Հրանուշ Խառատյանը, սակայն ասում, որ եթե համակարգային փոփոխության օգտին հանդես եկող եւ այս իշխանության քաղաքականությանը դեմ ուժերը ընտրության միջոցով գան իշխանության, ապա ի վերջո դա էլ հեղափոխություն է: «Այս հեղափոխությունը կարվի ընտրողների միջոցով, եթե մեր ժողովուրդը կամք եւ վճռականություն դրսեւորի, իր ներսում կուտակված դժգոհությունը, անվստահությունը եւ այլն, մենք կունենք հեղափոխություն: Երկրորդ ձեւը այն է, որ թուր ու թվանքով ժողովուրդը դուրս է գալիս փողոց, կամ պալատներում ինտրիգների միջոցով: Ես այդ երկու հեղափոխությունները չեմ տեսնում, ընդհանրապես իսկապես, զենքով պայքարից տագնապում ու վախենում եմ, որովհետեւ դրանք, գոնե իմ կյանքում տեսածի օրինակով եմ ասում, միշտ բացասական հետեւանք են ունենում», ասում է Հրանուշ Խառատյանը:
