NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հայաստանում նախորդ բոլոր ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշին»
Հայաստանի խորհրդարանի ընտրության ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության խումբը մարտի 21-ին Երեւանում հանդիպել է հայաստանցի լրագրողներին: Առաքելության ղեկավար Բորիս Ֆրլիցը նաեւ հայտարարել է, որ իրենց գործունեությունը տեղավորվելու է ԵԱՀԿ երկրների վարքագծի կանոնների շրջանակում: Դիտորդներն ասել են, որ ընտրական գործընթացի առանձին դրվագների ընթացիկ գնահատական չեն տալու եւ հետեւելու են մինչեւ վերջ, նոր միայն վերջում տալու են ընդհանուր գնահատական: «Ընտրական գործընթացն ամբողջություն է, ոչ թե իրար հետ կապ չունեցող իրադարձությունների շարան», ասել Բորիս Ֆրլիցը: Նա ասում է, որ դիտորդները չեն խառնվելու գործընթացին, չեն գնահատելու ընտրության լեգիտիմությունը, այլ դիտելու են եւ ներկայացնելու են հաշվետվություն: Բորիս Ֆրլիցն ասում է, որ իրենք Հայաստանում կմնան նաեւ ընտրությունից մի որոշ ժամանակ անց, տեսնելու եւ գնահատելու հետընտրական գործընթացները:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով, Հայաստանում նախորդ բոլոր ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշին, եւ 2007 թվականի ընտրությունը շանս է փոխել այդ միտումը: Նրա գնահատմամբ, Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունը տալիս է այդ հնարավորությունը` անցկացնել ազատ եւ արդար ընտրություն:
