NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զանգվածային «թերթակարդություն» փողոցի մեջտեղում
«Սկսել ա»-ն շարունակում է զարմացնել ու այս անգամ սկսել է Ֆրանսիայի անվան հրապարակից: Երեկ մի խումբ երիտասարդներ զանգվածային «թերթակարդություն» սկսեցին` Կոմիտասի արձանից շարժվելով դեպի Ֆրանսիայի հրապարակ ու կես ժամով «գրավեցին» հրապարակը:
Երիտասարդական նախաձեռնության մասնակիցները թերթից գլխարկներ հագած եւ հանրապետությունում լույս տեսնող գրեթե բոլոր թերթերով զինված կանգնել էին հրապարակի կենտրոնում եւ միաժամանակ բարձրաձայն կարդում էին թերթերը: Եւ թերթի գլխարկները, եւ թերթերը կնիքված էին «սկսել ա»-ով, իսկ կարդում էին` «կարեւոր չէ ինչ, միայն բարձրաձայն» սկզբունքով:
Ակցիայի կազմակերպիչներից Արսենի խոսքերով` իրենք ուզում են երիտասարդներին «բերել» թերթեր կարդալու: «Այսօրվա ակցիայի հիմնական նպատակը զանգվածային թերթակարդությունն է եւ մենք գտնում ենք, որ պետք է կարդալ, պետք է իմանալ, պետք է տեղյակ ու տեղեկացված լինել»,- ասաց նա:
Երիտասարդների նախաձեռնած «թերթակարդությանը» օժանդակել էին գրեթե բոլոր տպագիր լրատվամիջոցները եւ թերթեր էին տրամադրել: Իսկ ակցիան կազմակերպել էին մի խումբ երիտասարդներ, ում` արդեն 3-րդ «կես կատակ կես լուրջ» բողոքի ակցիան է սա: Նախորդները` «Բարեկենդանի» տոնակատարությունն էր եւ «Ցույցահանդեսը»:
«Թերթակարդության» մասնակիցներից Լիլիթը կարծում է, որ լուրջ քաղաքացիական պարտականություն կա այս ակցիայի ենթատեքստում եւ ինքը հատկապես ոգեւորվեց, երբ մարդիկ` տեսնելով այդքան շատ երիտասարդների` բարձրաձայն թերթ կարդալիս, հետաքրքրվում էին, կանգ առնում, լսում, թերթեր վերցնում: «Մենք ուզում ենք փոխել մեր հասարակության, հատկապես երիտասարդության վատ սովորույթներն ու քարացած կարծրատիպերը, եւ եթե անգամ չի էլ ստացվում, գոնե փորձում ենք»,- ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները «Չկարդա՞նք» ցուցանակներ էլ ունեին, որոնցով պտտվում էին բարձրաձայն թերթ կարդացողների կողքին:
Իսկ հրապարակի կենտրոնում «թերթակարդությունից» հետո մասնակիցները շարժվեցին դեպի Կոմիտասի այգի եւ թերթերից կտրատեցին իրենց դուր եկած հոդվածները, փակցրեցին մեծ ստենդին եւ ստացվեց «սկսել ա»-ի թերթը, որը, փաստորեն, ամենամեծն է քաղաքում:
Նկարները տեսեք [url=http://blog.transparency.am/arm/?p=20 target=_blank]այստեղ[/url]
