NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական շրջափակումը դեռ պահպանվում է
19 մարտի 2007թ. Երեւան: Օրերս հեռախոսով «ժառանգություն» կուսակցության մամլո գրասենյակ դիմեցին միանգամից «Կենտրոն» եւ «Հ2» հեռուստաընկերությունները, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրում էին մասնակցելու «Ուրվագիծ» եւ «Չորրորդ ստուդիա» քաղաքական հաղորդումներին: Բավականին տարօրինակ էր, որ մեկուկես տարվա տեղեկատվական շրջափակումից հետո նման հրավերներ ստացվեցին հենց այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օրով բացակայում է հանրապետությունից, ինչի մասին «Ժառանգության» մամլո խոսնակը նախօրեին տեղեկացրել էր մամուլին:
Եթե ուշադրության այս «պոռթկումները» ձեւական չեն, ապա այդ հեռուստաընկերությունները հնարավորություն կունենան հյուրընկալել Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջիկա օրերին` նրա վերադառնալուն պես: Եվ, թերեւս, կարելի կլինի փաստել, որ նախագահական նստավայրից հայրենի հեռուստաընկերությունների վրա դրված կապանքները փոքր-ինչ մեղմվել են:
Սակայն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն «Ժառանգություն» կուսակցության որեւէ այլ ղեկավարի (ի դեպ, նրանք բոլորը Հայաստանում են) եթեր տրամադրելն այս օրերին մերժվում է` մտորելու տեղիք է տալիս:
Ինչ վերաբերում է վերջերս հրավիրված ասուլիսում Տիգրան Թորոսյանի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հաճախակի մեկնումներն արտերկիր միգուցե ազդեցություն ունենում են նրան եթեր չտրամադրելու գործում` նկատենք, որ հայաստանյան իշխանությունները ներկայացնող քաղաքական գործիչների մեծ մասը` ներառյալ ԱԺ հարգարժան խոսնակը, շատ ավելի հաճախ ու երկար ժամանակով են շրջագայում արտասահմաններում, ինչը, սակայն, մեր հեռուստաալիքներին չի խանգարում նրանց գործունեության լուսաբանմանը նվիրել ոչ թե վայրկյաններ կամ րոպեներ, այլ ժամեր: Երկրորդ, Րաֆֆի Հովհաննիսյանի այցերն արտերկիր ամենեւին էլ հաճախակի չեն, ինչպես ապատեղեկացնում է ԱԺ խոսնակը: Եվ, վերջապես, այդ այցերը մշտապես կապված են Հայաստանի ազգային-պետական, բայց ոչ մասնավոր շահերի հետ եւ թույլ են տալիս, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանը ներկայացնել այնպիսի հեղինակավոր ու կարեւորագույն ֆորումներում, ինչպիսիք են Ուիլթոն Փարքը, Բրյուսելի ապրիլյան համաժողովը եւ այս պահին ընթացող` Քլարքի համալսարանի ֆորում-դասախոսությունն իբրեւ ասվածի ապացույց: Այս ամենին քաջատեղյակ Թորոսյանի հայտարարությունները, մեղմ ասած, անազնիվ ու անպարկեշտ են` նկատի ունենալով ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչների, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանին ապօրինաբար, անբարո կերպով տեղեկատվական շրջափակման ենթարկելու ակնհայտ եւ ամոթալի փաստը, ինչում ԱԺ խոսնակի հարազատ կուսակցությունը եւս մեղսակից է:
ԱԺ նախագահի ափսոսանքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի` արտերկիր մեկնելու պատճառով «Ա1+»-ի կողմից կազմակերպվող հեռուստաբանավեճը հետաձգվել է` մենք համարում ենք Հովհաննիսյանի հետ հեռուստաբանավեճի մասնակցելու հավաստիացում: Մեր հերթին հավաստիացնենք, որ մի քանի օրից Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Հայաստան եւ պատրաստ կլինի մասնակցել վերոհիշյալ հեռուստաբանավեճին:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն
