NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկարաժամկետ դիտորդների 13 հոգանոց խումբը ժամանում է
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը մարտի 15-ին մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ մարտի 15-ին Երեւան է ժամանել ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի դիտորդների առաջին` 13 հոգանոց խումբը: Խմբի ղեկավարը Սլովենիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ֆրելեցն է: Ըստ Վլադիմիր Պրյախինի, Բորիս Ֆրելեցը հմուտ դիվանագետ է եւ արդեն եղել է Հայաստանում: 2005 թվականին, երբ Սլովենիան էր ԵԱՀԿ նախագահող երկիրը, հենց նա է ղեկավարել Սլովենիայի ԱԳ նախարարության հատուկ խումբը, որը այցելել էր Հայաստան: Դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը դարձյալ «Հայաստանը հայաստանյան ընտրությունների առանձնահատկություններին քաջատեղյակ» դիվանագետ, Հայաստանում ընտրությունների ժամանակ արդեն դիտորդական առաքելություն իրականացրած Յան Գորվինն է: 13 հոգանոց պատվիրակության կազմում են Լատվիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ, Վրաստանի, Սլովակիայի ներկայացուցիչները:
Վլադիմիր Պրայխինը հայտարարեց, որ երկարաժամկետ դիտորդները 24 հոգի են լինելու, մյուսները կգան հետո: Երկարաժամկետ դիտորդները դիտարկելու են ընտրական գործընթացները, ԶԼՄ-ները, ընտրական իրավունքը, ընտրություններին կանանց մասնակցությունը, երիտասարդների ներգրավվածության չափը եւ այլն:
Իսկ ահա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի կարճաժամկետ դիտորդները կլինեն ավելի քան 300-ը: Իսկ եթե նրանց գումարենք նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ միջազգային այլ կառույցների դիտորդներին, ապա, ընդհանուր հաշվով, կարճաժամկետ դիտորդների քանակը կհասնի 1000-ի:
