NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Իրավունքի այբուբեն»
Մարտի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության Երեւանի գրասենյակում տեղի ունեցավ «Իրավունքի այբուբեն» շարքի սոցիալական գովազդների չորս նոր տեսահոլովակների շնորհանդեսը: Այս չորսը վերաբերում են ընտրություններին. ընտրելու հիմնական իրավունք, ձայների վաճառք, քվեարկության կեղծում, կանայք ընտրություններում: Հազիվ 1.5-2 րոպե տեւողությամբ մուլտֆիլմերը բացատրում են «ընտրություններով կերտիր ապագադ», «ընտրելու իրավունքը ուժ է», «եթե ձայնդ վաճառում ես, այդ երկրում հնարավոր են ամեն տեսակի անիրավություններ» եւ այլն: Հոլովակները նկարահանվել են ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ, գործին իրենց մասնակցությունն են ունեցել ԵԱՀԿ, ԵԽ հայաստանյան ներկայացուցիչները, ամերիկայի փաստաբանների ասոցիացիան:
Ներկայացնելով սոցիալական գովազդները, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Կոնսուելու Վիդալը ասաց, որ ազատ, արդար ընտրությունները իշխանությունների լեգիտիմության նախապայման են, եւ կարեւորը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ ընտրության եղանակը: «Մենք քաջալերում ենq մարդկանց` ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին: Ժողովրդավարության կառուցումը տեղի է ունենում ամեն օր», հայտարարեց տիկին Վիդալը, հույս հայտնելով, որ այս հոլովակները լայնորեն կօգտագործվեն:
