NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արման Բաբաջանյանի գործը վճռաբեկ դատարանում չի քննվի
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբանների Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը վերադարձվել է: Այսօր փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Հայկ Ալումյանը ասուլիս էին հրավիրել, որպեսզի տեղեկացնեն, որ բողոքը վերադարձվել է օրենքի կոպիտ խախտումներով:
Փաստաբանները Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրել են հունվարի 22-ին: Այնինքն, դատարանն ըստ օրենքի, 10 օրվա ընթացքում պետք է որոշում կայացներ կամ բողոքը վերադարձնելու, կամ վարույթը ընդունելու մասին, մինչդեռ մինչեւ մարտի 10-ը ոչ մի նման բան տեղի չի ունեցել: «Եթե ոչ ամեն օր, գոնե շաբաթական երկու -երեք անգամ Զարուհի Փոստանջյանը զանգահարել է Վճռաբեկ դատարան, հետաքրքրվել է, թե ինչ եղավ: Մինչեւ մարտի 6-ը նրանք ասել են, որ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի ընդունել»,- պատմում է Հայկ Ալումյանը: Տեսնելով, որ զանգերը արդյունք չեն տալիս` վերջիններս Վճռաբեկ դատարանի նախագահին նամակ են ուղարկել, ասելով, թե ակնհայտորեն խախտվում է օրենքը եւ առաջարկել հարցին անհապաղ լուծում տալ:
«Դրանից հետո նամակ ենք ստանում, որտեղ նախ նամակի շտամպից երեւում է, որ այն Վճռաբեկ դատարանից դուրս է եկել մարտի 7-ին ու նամակի մեջ դրված է որոշում` Արման Բաբաջանյանի բողոքը վերադարձնելու մասին, որը փետրվարի 26-ին է կայացվել: Այս բոլոր հանգամանքները մեզ թույլ են տալիս պնդելու, որ Վճռաբեկ դատարանի որոշումը գրված է հետին թվով»,- արձանագրեց փաստաբանը:
Արման Բաբաջանյանի փաստաբանները որոշել են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ Եվրոպական դատարան: «Դատախազությունը նախաքննություն իրականացնելու լիազորություններ չունի, բայց նրա նկատմամբ այն իրականցնում է: Երկրորդ` Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ սա իրենց հետաքրքիր չէ: Իսկ երրորդը պայմանավորված է զորակոչից խուսափողների վերաբերյալ խտրական մոտեցմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Արման Բաբաջանյանին դատապարտվել է 3 ու կես տարի ազատազրկամբ` պարտադիր զինծառայությունից խուսափելու, փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
