NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ստորագրվել է լրագրողական վարքականոնը
Մարտի 10-ին, Երեւանի Մամուլի Ակումբի ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության շրջանակում Հայաստանի 21 լրատվամիջոց եւ 8 լրագրողական կազմակերպություն մարտի ստորագրել է ԶԼՄ-ների վարքականոնը: Մարտի 13-ի մամուլի ասուլիսի ընթացքում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրել է, որ վարքականոնը սահմանում է մասնագիտական էթիկայի այն չափանիշները, որոնք լրատվամիջոցներին կպահեն քաղաքակիրթ սահմանում եւ թույլ չեն տա ոտնահարել մարդու եւ անհատի իրավունքը, վիրավորել արժանապատվությունը եւ դրանով վարկաբեկել լրատվամիջոց եւ լրագրող հասկացությունը:
Վարքականոնը բաց է ստորագրության համար, եւ լրատվամիջոցները կարող են ցանկացած պահի միանալ դրան: Առայժմ այն ստորագրել են Ազգ, Առավոտ, 168 ժամ, Ռեսպուբլիկա Արմենիա, Դելովոյ Էքսպրես, Գյումրիի «Կումայրի», Վանաձորի «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթերը, Հ2, Երկիր Մեդիա, Գյումրիի «Գալա», «Ցայգ», Կապանի` «Սոսի», Վանաձորի` «Լոռի», ինչպես նաեւ Ա1+, հեռուստաընկերությունները, Lragir.am էլեկտրոնային թերթը, «Մեդիա սթայլ» ընկերակցությունը, Ռադիո Հայը: Մարզային եւս երեք լրատվամիջոց տեղեկացրել են վարքականոնին միանալու մասին, բայց դեռեւս չեն ստորագրել տեխնիկական պատճառով:
Երեւանի Մամուլի Ակումբի փորձագետ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ փորձաքար կլինեն վարքականոնի համար, իսկ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ այն ստորագրած կազմակերպությունների մի մասն անկասկած կխախտեն վարքականոնը, բայց փաստաթուղթը առաջին փուլն է եւ անիրականանալի ու խիստ թվացող դրույթները կօգնեն տարիներ անց ունենալ ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործուն մեխանիզմ, նշում է Բորիս Նավասարդյանը, միաժամանակ ավելացնելով` եթե շարժվենք ճիշտ ուղղությամբ:
Վարքականոնի ստորագրումից բացի, դրան միացած լրատվամիջոցներն ու կազմակերպությունները ստեղծել են 7 հոգանոց Դիտորդ մարմին, որը քննելու է վարքականոնի խախտման մասին դիմում բողոքները, կատարելու է եզրակացություն, իսկ խախտող լրատվամիջոցն էլ պարտավոր է իր էջում կամ եթերում հրապարակել այդ եզրակացությունը: Եթե դա չարվի, ապա կդրվի տվյալ լրատվամիջոցին վարքականոնի նախաձեռնության շրջանակից հեռացնելու հարցը: Դիտորդ մարմինը կարող է նաեւ ինքը նախաձեռնել կոնկրետ դեպքերի քննություն, եթե դրանք լուրջ են ու արտառոց:
