NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թուրքիան ներսից փոխելը դժվար է
Մարտի 12-15 Երեւանում անցկացվում է ՀՅԴ հայ դատի հանձնախմբերի 2-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են մոտ 3 տասնյակ երկրներից 85 պատվիրակներ: Մարտի 13-ին լրագրողներին հանդիպեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ատենապետ Հիլդա Չոբոյանը, հայ դատի Ամերիկայի Վաշինգթոնի պատասխանատու Արամ Համբարյանը եւ Ֆրանսիայի Լորան Լեյլեկյանը: Նրանք հայտարարեցին, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելը ոչ միայն բարոյական, այլ նաեւ անվտանգության հարց է:
Հայ դատի խնդիրներով զբաղվող գործիչները համոզված են, որ Թուրքիան ներսից փոխելը դժվար է: Հենց այս պատճառով էլ ընտրվել է Թուրքիայի վրա դրսից ազդելու` Թուրքիային միջազգային բարոյական մեկուսացման հասցնելու, եւ միջազգային ասպարեզներում Թուրքիայի դիրքերը թուլացնելու քաղաքականությունը: Թուրքիան իհարկե դրան պատասխանում է, մասնավորաբար Ադրբեջանի հետ իրականացնում Հայաստանին տնտեսապես մեկուսացնելու քաղաքականություն:
Ըստ սփյուռքահայ գործիչների սխալ է մտածել, թե Հայ դատի գրասենյակների աշխատանքը խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին: Նրանք վստահ են, որ Հայաստանում ոչ ոք չգիտե, թե Թուրքիայի մտածողության մեջ ինչ դեր ունի Հայաստանը: Իսկ իրենք գիտեն, որ Թուրքիան Հայաստանին դիտում է իբրեւ «փոքր, աղքատ եւ պատանդ երկիր»:
Բանախոսները գիտեն, որ օրինակ Ֆրանսիայում երկրի նախագահի աթոռի հավակնորդները ավելի շուտ եւ ավելի շատ դեմ են Թուրքիայի անդամակցությանը եվրամիությանը, քան կողմ, որ նա ճանաչի հայերի ցեղասպանությունը: Կամ ասենք ԱՄՆ-ում Կոնգրեսի քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագծում նշված է, թե ցեղասպանությունները պետք է ճանաչվեն միջազգային կազմակերպությունների կողմից եւ նոր միայն դատապարտվի այդ ցեղասպանությունների ուրացումը: Հայկական լոբբին եւ Հայ դատի գրասենյակները աշխատում են հասնել փոփոխությունների, որ բանաձեւով ամրագրվի, թե ցեղասպանությունների վերաբերյալ ազգային օրենսդրությունների մակարդակով ընդունված որոշումները եւս ի զորու են, որ ցեղասպանության ուրացումը դատապարտվի:
ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունները շարունակում են աշխատել, անել ամեն բան, որ Ռիչարդ Հոգլանդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան չնշանակվի: Ըստ Արամ Համբարյանի,ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ազատեցին պաշտոնից, քանի որ վերջինս դուրս եկավ ԱՄՆ քաղաքականության սահմաններից: Իսկ այդ սահմանները հստակ չեն, հայտարարեց Արամ Համբարյանը: Նխագահ Բուշը չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, չի ասում, որ եղել է: Ջոն Էվանսը ասաց, որ եղել է, Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ չի եղել, որ Թուրքիայի կառավարությունը հայերին կոտորելու մտադրություն չի ունեցել: Եվ եթե եւ Ջոն Էվանսը եւ Ռիչարդ Հոգլանդը դուրս են եկել պետության քաղաքականության սահմաններից, ինչու մեկին պաշտոնից ազատել, մյուսին նշանակել նույն պաշտոնում, հարցնում է Արամ Համբարյանը:
