NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ջոն Հյուկոն մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան»ՊՈԱԿ-ի նիստին
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 9-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստին մասնակցել է նաեւ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխնախագահ Ջոն Հյուկոն: Նախքան նիստի օրակարգին անդրադառնալը ուշագրավ երկխոսություն է ծավալվել Ջոն Հյուկոյի եւ Անդրանիկ Մարգարյանի միջեւ:
Ամերիկացի հյուրը հույս է հայտնել, որ հաջող սկսված ծրագրիը հաջողությամբ եւ արդյուավետությամբ էլ կշարունակվի: Այս հարցում նա կարեւորել է նաեւ Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը, նշելով, որ միջազգային դիտորդների հետ միասին կորպորացիայի ղեկավարությունը նույնպես ուշադրությամբ հետեւելու է ընտրությունների ամբողջ գործընթացին: Գոհունակություն հայտնելով ընտրությունների նախապատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների՝ ցուցակների ճշգրտման եւ նախապատրաստական այլ աշխատանքների կապակցությամբ, Ջոն Հյուկոն ընդգծել է, որ կորպորացիայի ղեկավարությունն իրատեսական ակնկալիքներ ունի սպասվող արդյունքների հարցում եւ հաջողություն է մաղթել Հայաստանին՝ իր առջեւ դրված խնդիրների լուծման գործում, հույս հայտնելով, որ ՀՄՀ ծրագրի իրականացման կարեւոր նախադրյալ հանդիսացող բաղադրիչներից ոչ մեկն այլեւս մտահոգիչ չի դառնա:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է, որ միանգամայն հասկանալի է ամերիկյան կողմի անհանգստությունը, որը ցանկանում է ծրագրի իրականացման ընթացքը լինի անխաթար եւ բոլոր բաղադրիչներն ապահովված: Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, Հայաստանում ավելի քան շահագրգռված են սոցիալ-տնտեսական խնդիրներն օր առաջ լուծելու, քաղաքական գործընթացներն այնպես կազմակերպելու, որ ժողովրդի վստահության քվեի պայմաններում կառավարությունը հնարավորություն ունենա լիարժեք իրագործել իր առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը: Նման քաղաքական կամք, ՀՀ կառավարության ղեկավարը ամերիկացի հյուրին հավաստիացրել է, որ ՀՀ իշխանություններն ու նրա համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժերն ունեն եւ իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավորը՝ վերոնշյալ խնդիրները պատշաճ լուծելու, նախանշված ծրագրերը մինչեւ վերջ իրագործելու համար, որից հետո ցանկացած երկիր կամ կազմակերպություն ազատ է իր հետեւություններն անելու հարցում: Կարեւորը, ըստ վարչապետի, հստակ չափորոշիչներն են, որպեսզի կատարված աշխատանքի նկատմամբ երբեւէ երկակի ստանդարտներ չգործեն:
