7 հեռուստաընկերության դիտարկում փետրվարին

Երեւանի մամուլի ակումբը 2007 թվականի փետրվարի 1-28 ժամականահատվածում ուսումնասիրել եւ դիտարկել է հայկական յոթ հեռուստաընկերությունների` Հ1, Հ2, ԱԼՄ, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա, Կենտրոն, ամենօրյա եթերը ժամը 18:00-24:00 հատվածում: Դիտարկումը ունի երկու նպատակ. թե որքանով է ընտրություններից առաջ հեռուստալսարանը տեղեկանում քաղաքական սպեկտրի եւն առանձին կուսակցությունների գործունեության մասին եւ արդյոք բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ են ստեղծվում իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը ներկայացնելու համար: Դիտարկման օբյեկտ են եղել քիչ թե շատ ակտիվ 34 կուսակցություն: Մարտ ամսին ԵՄԱ-ն կդիտարկի այն 27 կուսակցություններին եւ մեկ դաշինքին, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն: Իսկ ապրիլի սկզբից մինչեւ ընտրություն` մայիսի 12-ը, դիտարկման տակ կլինեն նրանք, որոնք պաշտոնապես գրանցված կլինեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Նախընտրական քաղաքական վիճակը առավել ակտիվ է լուսաբանել կենտրոն, Երկիր Մեդիան, հ2-ը, Հ1-ը, Շանթ հեռուստաընկերությունները: Արմենիան քաղաքականությանը ամենից քիչ ուշադրություն է դարձրել եւ անգամ հրաժարվել ստուդիայում հյուր ունենալու ժանրի հաղորդումներից: Այս տարվ սկզբից Արմենիան ստուդիայում հյուր չի ունեել բացառություն անելով միայն հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համար: Բացառիկ է ԱԼՄ-ն: Այս հեռուստաընկերությունը քաղաքականությանը շատ ժամանակ է հակտացրել, բայց այդ ժամանակի 85.5 տոկոսը ԱԼՄ հոլդինգի եւ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին է բաժին հասել: Նշված հեռուստաընկերությունների քաղաքական եթերում ամենից շատ տրվել են հանրապետական, Բարգավաճ Հայաստան եւ ՀՅԴ կուսակցությունների անունները: Հանրապետականը առաջին տեղում է 7-ից երեքի եթերում` Հ1, Արմենիա, հ2: Երկիր մեդիայում առաջին տեղում ՀՅԴ-ն է, Կենտրոնում` Բարգավաճ Հայաստանը:

ԵՄԱ փորձագետների կարծիքով որոշ կուսակցությունների նկատմամբ պասիվությունը պայմանավորված է հենց կուսակցությունների պահվածքով, նրանք հրաժարվում են հարցազրույց ժանրից, քանի որ կարող են իրենց համար անցանկալի հարցեր ստանալ եւ առավել հակված են եթերը օգտագործել սեփական կարիքների համար եւ ոչ ելնեով հասարակության հետաքրքրություններից: Կուսակցությունների նկատմամբ հեռուստաընկերությունների ուշադրության աստիճանը կախված է նաեւ սեփականատիրոջ կողմորոշումներից, կուսակցությունների ազդեցությունից:

Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները», եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» կուսակցությունները կամ զրոյական կամ շատ թույլ ուշադրության են արժանացել, նրանց միջոցառումները չեն լուսաբանվել, նրանց ներկայացուցիչներից հարցազրույցներ չեն վերցվել եւ այլն: Ուշադրության նման բացակայություն կա նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Սրանք այն կազմակերպություններն են, որոնք չեն խուսափում հայտնել ընտրական գործընթացներում եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցերում իշխանությունների հասցեին իրենց քննադատական գնահատականը: «Սա համաձայնեցված քաղաքականության տպավորություն է թողնում», եզրակացնում են ԵՄԱ փորձագետները:

ԵՄԱ-ն դրական է գնահատում այն, որ հեռուստաընկերությունները օրենքով պարտադրված են հրապարակել քաղաքական գովազդի գները: Բայց բացասական է, որ այդ գները առեւտրային գովազդի գներից էլ բարձր են, ինչը «խոչընդոտ է ստեղծում կուսակցությունների համար ներկայացնելու իրենց կարծիքը»:

Դիտարկման բոլոր արդյունքները ԵՄԱ-ն տրամադրելու է դիտորդներին ու նրանց ովքեր կկամենան: Նաեւ ընտրություններում դիտորդներին, գուցե նաեւ դատախազությանը: Իսկ սկսած ապրիլից կդիտարկվեն նաեւ տպագիր մի քանի լրատվամիջոց եւ մի քանի ռադիոընկերություն: