NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ փոխխոսնակը կոչ է անում իշխանափոխության
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մարտի 7-ին հայտարարել է, որ ինքը ոչ թե խոչընդոտում է իշխանափոխությանը, այլ նույնիսկ կոչ է անում ժողովրդին կատարել իշխանափոխություն: Վահան Հովհաննիսյանն այդ սենսացիոն հայտարարությունն արել է Մամուլի Ազգային ակումբում, երբ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել նախօրեին հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի հերթական զեկույցը Հայաստանի մասին, ուր մասնավորապես թեզ կա, ըստ որի իշխանությունը Հայաստանում ժողովրդին բռնի ուժով թույլ չի տալիս իշխանափոխություն անել: Լրագրողները Վահան Հովհաննիսյանին հարցրել են, թե որպես իշխանության ներկայացուցիչ, ինքն ինչ կարծիքի է այդ գնահատականի մասին:
Վահան Հովհաննիսյանը զեկույցը եւ մասնավորապես այդ դրույթը չի մեկնաբանել, ասելով, որ ծանոթ չէ դրան, իսկ լրագրողների մեջբերմանը չի վստահում: Բայց ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ կոնկրետ ինքը ոչ միայն չի խոչընդոտում ժողովրդին իշխանափոխություն իրականացնելու հարցում, այլ նույնիսկ կոչ է անում այդ գործում լինել հետեւողական: «Եթե ժողովուրդը գտնում է, որ իշխանափոխություն է պետք, ապա պետք է անի, չսպասելով` թույլ կտան, թե ոչ», ասում է Վահան Հովհաննիսյանը:
Դրա համար նա կարեւոր է համարել, որ մարդիկ ընտրության ժամանակ լինեն իրենց ձայնի տերը, եւ տանը մնալու փոխարեն գնան ընտրության ու պայքարեն իրենց ձայնի համար: Հարցին, թե արդյոք Դաշնակցությունը դուրս կգա ընտրապայքարից, եթե տեսնի որ խախտվում են խաղի կանոնները, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, որ խաղի կանոնը որոշում է օրենքը: Ըստ նրա, եթե խախտվում է օրենքը, Սահմանադությունը «եւ այնպես անվերադարձ, որ ժողովուրդը ելք չունի, ապա ՄԱԿ կոնվենցիան անգամ դիմադրության իրավունք է վերապահում»:
