NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգայնականները ընտրությունը համարում են թատրոն
Հայ Արիական Միաբանություն, «Հանուն հայրենիքի» հայրենասիրական կազմակերպություն, «Հայրենիք-Սփյուռք» միություն եւ Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինք ազգայնական կազմակերպությունները մարտի 6-ին հայտարարել են, որ խորհրդարանի ընտրության ելքը կանխորոշված է եւ դրան մասնակցելը դառնում է անիմաստ: Այդ իսկ պատճառով ազգայնական ուժերը, ի տարբերություն 2003 թվականի` երբ նրանք դաշինքով մասնակցեցին ընտրությանը, այս անգամ որոշել են բոյկոտել ընտրությունը: «Հաշվի առնելով այդ հանգամանքը, նաեւ իշխանական վերնախավի ու մի շարք, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի ղեկավարների դավադիր համագործակցությունը ընտրություններից առաջ, մինչեւ ընտրությունները կատարված ու կատարվող օրինախախտումները, արդեն երեւակվող քրեական ու հանցագործ տարրերի ներթափանցումն ու ներազդումը ապագա ընտրությունների արդյունքներին, հայ ազգայնականները անիմաստ են համարում իրենց թեկնածությունները դնել այս նվաստացուցիչ ընտրություններում` հասկանալով, որ արդյունքները կանխավ որոշված են, ու նման մասնակցությունը ընդամենը մաս կկազմի նախատեսված ներկայացման», ասված է ազգայնական ուժերի տարածած հայտարարության մեջ:
Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանն ասում է, որ ընտրությունից ամիսներ առաջ խոսելով ապագա կառավարության կազմի մասին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ նախանշել, ու այդպիսով հրահանգել է ընտրության արդյունքը նկարել հոգուտ իշխանական չորս կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՄԱԿ: «Մենք ունենք մեր ընկերները, մեր համակիրները նաեւ այլ կազմակերպություններում եւ տեղյակ ենք, թե ինչպես են ընթանում այդ բանակցությունները եւ կատարվում հրահանգները: Եվ այն ցուցադրական հակամարտությունը` ԲՀԿ եւ ՀՀԿ, որ մեզ ներկայացվում է, պարզապես մեզ համար ծիծաղելի է: Սա ամերիկյան, արդեն, մի ոճի ընտրություն է դառնում, երբ երկու իշխանական կուսակցություններ պետք է վերցնեն իշխանությունը եւ երեւի թե հերթով տարիներ շարունակ զիջեն մեկը մյուսին, մենք տեսնում ենք արդեն այդ հետքը», ասում է Արմեն Ավետիսյանը:
Նա ասում է, որ չմասնակցելու իրենց որոշումը պայմանավորված է նաեւ ընդդիմության չմիավորվելով: Արմեն Ավետիսյանն ասում է, որ ՀԺԿ-ն, Ժողովրդական կուսակցությունը եւ Ազգային Միաբանությունն արդեն իսկ ապահովել են իրենց տեղը խորհրդարանում, եւ «այդ կեղծ ընդդիմությունն ինչպես 2003 թվականին, այս անգամ էլ ընտրակեղծիքից հետո ընդվզած ժողովրդին պատեպատ խփելով ուղարկելու է տուն»: «Եվ միջազգային դիտորդները կրկին գալու են իրենց շահերը հաստատելով այս ընտրությունները հաստատեն, այսինքն այս թատրոնն այլեւս ձանձրալի է մեզ համար», ասում է Արմեն Ավետիսյանը: Նա հայտարարում է, որ ազգայնական ուժերը որեւէ կուսակցության ու թեկնածուի հետ կապ չեն ունենալու:
