NON-GOVERNMENTAL ORGANIZATION
173 մեծամասնական թեկնածու
ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներում առաջադրվել է 173 հոգի: Ապրիլի 7-ին կավարտվի թեկնածուների գրանցումը: 41 ընտրատարածքներից 5-ում մեկ թեկնածու է գրանցված: Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքից առանց այլընտրանքի քվեարկվելու է հանրապետական Հրանտ Գրիգորյանը: Թիվ 32-ում այս անգամ միայն հանրապետական Սուրիկ Պողոսյանն է հայտ ներկայացրել: Թիվ 27-ում եւ թիվ 28-ում Բարգավաճ Հայաստանի անայլընտրանք թեկնածուներն են Մելիք Մանուկյանն ու Գագիկ Ծառուկյանը, թիվ 7-ում` անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից 60-ը բիզնեսմեն են, 40-ը` ԱԺ պատգամավոր, 39-ը` գործազուրկ: Ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է 28 քաղաքական միավոր, սակայն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ են առաջադրել միայն 19-ը: Ամենաշատ թեկնածուներ առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 25 հոգի: Բարգավաճ Հայաստանը առաջադրել է 13 մեծամասնական թեկնածու: Կուսակցությունների առաջնորդներին մեծամասնական ընտրակարգով առաջադրել են նաեւ «Դաշինք», ՀՔԴՄ, «Հայոց հայրենիք», ՀԱԿ,. ՀԱԱԿ, ԱԺԴ, ԺՈւԿ, ՀԱՄԿԿ, ՀՄԿ կուսակցությունները: Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ մարքսիստական կուսակցությունները մեծամասնական ընտրակարգով առաջադրել են միայն կուսակցությունների ղեկավարներին: Մեծ է նաեւ ՕԵԿ առաջադրած մեծամասնական թեկնածուների թիվը` 15: ՀՀՇ-ն առաջադրել է 7 հոգու, երտասարդական կուսակցությունը` 6, Ազգային միաբանությունը` 4, ՀՅԴ-ն`1: Ամենից շատ թեկնածուներ` 10 հոգի առաջադրվել են թիվ 4 ընտրատարածքում:
