NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մարտի 1-ի երեկոյան հրապարակել է իր համամասնական ցուցակը, որով մասնակցելու է խորհրդարանի ընտրությանը: 112 հոգանոց ցուցակի առաջին համարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրան հաջորդում է գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: ԲՀԿ ցուցակի առաջին եռյակը եզրափակում է Գոհար Ենոքյանը` Գարուն արտադրական միավորման հիմնադիր եւ նախագահ: Չնայած Գագիկ Ծառուկյանը հայարարել էր, որ ԲՀԿ ցուցակում չեն լինի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, այնուամենայնիվ այդպիսիք կան: Ցուցակում չորրորդը կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է, իսկ նրան հաջորդում է ԲՀԿ քարտուղար, կապի ու տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանը: ԲՀԿ ցուցակի 6-րդ տեղում Հարություն Քուշկյանն է` Էրեբունի եւ Նաիրի բժշկական կենտրոնների տնօրենը: ԲՀԿ ցուցակի 7-րդ տեղում մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն է: 8-րդը նույնպես ռեկտոր է` ֆիզկուլտինստիտուտինը, Վահրամ Առաքելյան: 9-րդ տեղում Վարդան Բոստանջյանն է, իսկ տասնյակը եզրափակում է Հայկական Կարմիր Խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը:
Ուշագրավ է, որ ԲՀԿ ցուցակի 13-րդ համարը ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն է` Էռնեստ Սողոմոնյանը, իսկ նրան նախորդում է Հ2 հեռուստաալիքի նախկին մեկնաբան Արամ Սաֆարյանը: ԲՀԿ ցուցակում լրագրողների էլի կան: Օրինակ 28-րդը Հայկական Ժամանակ օրաթերթի նախկին լրագրող, իսկ այժմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հը հաղորդավար Նաիրա Զոհրաբյանն է, իսկ ԲՀԿ ցուցակի 57-րդ տեղում հեռուստալրագրող, ԲՀԿ հանրային կապի համակարգող Բաղդասար Մհերյանն է:
ԲՀԿ ցուցակի առաջին քսանյակում տեղ է զբաղեցրել նաեւ Աշտարակի նախկին ոստիկանապետ, ԲՀԿ ցուցակում տեղ գրավելու համար սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված Կարո Կարապետյանը: Նա 16-րդն է: 18-րդը ԱԺ ներկայիս պատգամավոր Մուրադ Գուլոյանն է, ով հանդսանում է Կենտրոն հեռուստաընկերության սեփականատեր: Ցուցակի 19-րդ տեղում Վահե Հովհաննիսյանն է, Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտ, ներկայումս Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն ՀԿ վարչության նախագահ: ԲՀԿ ցուցակի 26-րդ տեղը զբաղեցնում է ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը, ով հայտնի է նաեւ Կարամելի Հարութ անվանումով: Ուշագրավ է, որ ԲՀԿ ցուցակում է նաեւ Հայկական միջազգային ավիաուղիներ ընկերության սեփականատեր Վերսանդ Հակոբյանը, ով ԱԺ ներկայիս ընտրությանը մեծամասնական ընտրապայքարով բավական թեժ կռիվ էր տալիս հենց Հարություն Կարագյոզյանի հետ: Հակոբյանը սակայն իր թվով բավական հեռու է, ցուցակում նա 45-րդն է: Բայց Վերսանդ Հակոբյանին ԲՀԿ-ն ներկայացնում է նաեւ մեծամասնական առաջադրման` Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում:
ԲՀԿ ցուցակում է նաեւ Շամիրամ Աղաբեկյանը, ով հայտնի է Գրիգոր Ամալյանի տեղակալ լինելով եւ 5 տարի առաջ Ա1+-ի մրցութային ծրագրին տված «թույլիկ» որակումով: Նա ցուցակում 23-րդն է: Իսկ ԲՀԿ ցուցակի 38-րդ տեղում դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանն է:
