NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրացման գոտիներում սեփականության իրավունքը փորձում են գրանցել
«Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը փետրվարի 28-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ բնակիչների, կազմակերպության եւ ՀՀ կառավարության համատեղ ջանքերով 2006 թվականին հաջողվել է իրացման գոտում գտնվող Կոզեռն թաղամասի 110 բնակչի սեփականության իրավունքը գրանցել: Հիմա փորձում են հասնել նրան, որ ճանաչվի եւ գրանցվի Կոզեռնի մյուս բնակիչների, ինչպես նաեւ Մյասնիկյան, Վերին եւ Ներքին Անտառային փողոցների բնակիչների սեփականության իրավունքը:
Սամվել Մկրտչյանի խոսքով, ունեցած շենք-շինությունների սեփականության իրավունքը ճանաչելու ու գրանցելու շատ դիմումներ մերժվում են «շինությունը գտնվում է իրացման գոտում» պատճառաբանությամբ: Սա այն դեպքում, երբ այսօր Երեւանում չկա իրացման գոտի: Ոչ պակաս զարմանալի այլ իրողություն. մարդկանց բանակից զորացրված երեխաներին, կամ նորապսակ հարսերին չեն գրանցել, որ թաղամասներում քիչ բնակչություն լինի եւ ըստ այդմ էլ օտարման դիմաց փոխհատուցում քիչ պակաս գումարներ վճարվեն: Առավել մեծ տարօրինակություն` իրար հարեւան շինություններից մեկի տիրոջ սեփականության իրավունքը ճանաչում են, մյուսինը` ոչ, ասում է Սամվել Մկրտչյանը:
