NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքի ֆետիշացումը խանգարում է դատախազությանը
Ընտրական օրենսգրքի եւ քրեականի օրենսգրքի փոփոխությունները ամբողջովին չեն լուծել ընտրակեղծիքների դեմ պայքարի իրավական խնդիրը, փետրվարի 27-ին լրագրողներին ասել է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է դեռ մնացել նույնը, նոր միայն քննարկման փուլում է: Նաեւ լուրջ խնդիրներ ունենք քրեական դատավարության առումով, որովհետեւ իրավախախտումը ճանաչել հանցագործություն կամ վարչական զանցանք` դա խնդրի միայն մի կողմն է, բայց պետք է մշակել նաեւ հստակ, արդյունավետ, գործնական միջոցառումներ, ընթացակարգեր, որոնք հնարավորություն տան այդպիսի հանցագործությունները, այդպիսի իրավախախտումները բացահայտելուն», ասում է Գլխավոր դատախազի տեղակալը:
Նա նաեւ նշել է, թե ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու առումով խոչընդոտ է մարդու իրավունքի որոշակի ֆետիշացումը: Դրանք, ըստ Գեւորգ Դանիելյանի, համարժեք չեն ընկալվում եւ անհարկի կաշկանդում են դատախազությանը`»այլապես կկարողանային ավելի արդյունավետ գործել»: Բայց Գեւորգ Դանիելյանը համաձայն չէ տեսակետին, թե նախորդ ընտրություններին որեւէ մեկը չի պատժվել ընտրակեղծարարության համար: «Եղել են քրեական գործեր հարուցված, դատարան ուղարկված գործեր», ասում է Գլխավոր դատախազի տեղակալը: Նրա տվյալով, յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո հարուցվում է 6-7 քրեական գործ:
