NON-GOVERNMENTAL ORGANIZATION
301-րդ հոդվածի շուրջ հստակություն չկա
Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանը 2006 թվականի դեկտեմբերից կալանավորված են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպաններ Վահե Գրիգորյանը, Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը փետրվարի 26-ին լրագրողներին հայտնել են, որ գործում կան բազմաթիվ խախտումներ եւ լրագրողներին ներկայացնել մեկը, որն իրենց գնահատականով տեսանելի է անգամ ոչ իրավաբանին: Համաձայն քրեադատավարական օրենսգրքի, խափանման միջոց կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը արվում է կալանքի ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ, դատարանն էլ պարտավոր է առնվազն 5 օր առաջ որոշում կայացնել: Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանքը երկարացնելու միջնորդությունն արվել է կալանքի ժամկետը լրանալուց 8 օր առաջ, դատավոր Կարախանյանն էլ հարցը քննել է ժամկետը լրանալուց ընդամենը 1 օր առաջ: Սա էլ հիմք է տալիս փաստաբաններին հայտարարելու, որ քրեական գործի նախաքննությունը կրում է ձեւական բնույթ, որեւէ առանձնահատուկ ջանադրություն չի գործադրվում, նախնական կալանքը սկսել է կիրառվել որպես պատիժ:
Առաջին ատյանի դատարանը հաստատել է Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն էլ մերժելով պաշտպանական կողմի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, նորից է հաստատել կալանքը: Այս առթիվ էլ փաստաբանները նշեցին, որ կալանքի գործերով դատարաններն նոտարական գործառույթ են իրականացնում` հաստատում են նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը: Նույն է եղել Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանի դեպքում. Վերաքննիչ դատարանը որոշել է, որ օտարերկրյա քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ լինելով կարող է խուսափել քննությունից: «Ստացվում է, որ Ժիրայր Սեֆիլյանի օտարերկրյա քաղաքացի լինելը նրան կալանքի տակ պահելու միակ հիմքն է», հայտարարեց Վահե Գրիգորյանը:
«Հայաստանում տխրահռչակ 301-րդ հոդվածը իրավապահ մարմինների կողմից կիրառվում է զուտ ընտրողաբար: Հաշվի առնելով հոդվածում անորոշություններն ու հստակություն բացակայությունը, հոդվածը, ըստ վիճակագրության, մշտապես օգտագործվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների դեմ», հայտարարեցին փաստաբանները: Հիշեցնենք, որ ժամանակին այս հոդվածով կալանավորվել եւ ամիսներ անց ազատ է արձակվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանները չեն բացառում ՀՀ Սահմանադրական դատարան դիմելը` 301-րդ հոդվածի սահմանադրությանը համապատասխանության հարցով: Փաստաբանները մտադիր են ապացուցել, «հոդվածում անորոշություններ ու հստակություն բացակայություն կա»: Նկատենք, որ Թուրքիայում այս երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը մտադիր էր թուրքական եւ անհրաժեշտության դեպքում եվրոպական արդարադատության միջոցով ապացուցել, որ Թուրքիայի քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածում անորոշություն եւ հստակության բացակայություն կա:
