NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԵԱԽ հայտարարությունը
Հայաստանի Երիտասարդության ազգային խորհուրդը փետրվարի 22-ին տարածել է հայտարարություն, ուր դիմում է ընտրություններից առաջ հայտարարություններով հանդես եկող տարբեր երիտասարդական կազմակերպություններին կոչով, որ նրանք հանդես չգան երիտասարդության միասնական անունից:
«Դատապարտելի է ամբողջ երիտասարդության անունից հանդես գալն ու հայտարարություններ անելը և անիմաստ են բազմակարծության մեր ժամանակներում երիտասարդությանը միատարր տեսնելու ակնկալիքները: Մենք դեմ ենք իրավիճակից ու նեղ խմբակային շահերից բխող քաղաքական զարգացումների, ամեն տեսակ քաղաքական խարդավանքների արդյունքում երիտասարդության անվան չարդարացված շահարկումներին: Կոչ ենք անում ընտրություններին դերակատարում ստանձնած բոլոր երիտասարդական կառույցներին լինել փոխադարձ հանդուրժողական, օրինապահ, գործել բարոյականության սահմաններում և չվնասել մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ հասարակության ունեցած հավատին, կայացած պետական կարգին, միջազգային վարկին ու հեղինակությանը», ասված է հայտարարության մեջ:
ՀԵԱԽ հայտարարության հեղինակները փաստում են, որ որ հանրապետության հասարակական եւ քաղաքական կյանքում իրենց արժանավայել դրսևորած բազմաթիվ երիտասարդ գործիչներ, չտիրապետելով բավարար նյութական միջոցների, ի զորու չեն լուրջ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին, արդյունքում գրեթե անհնար է դառնում մրցունակ, կայացած, գրագետ, հայրենասեր ու բանիմաց երիտասարդների մասնակցությունն ու հավանական հաղթանակը:
«Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցության մտայնություն ունեցող բոլոր քաղաքական ուժերին, նրանց ղեկավար մարմիններին կոչ ենք անում համամասնական ընտրակարգով կազմվող ընտրացուցակներում ներգրավել նաև երիտասարդ գործիչների ու կադրերի, քանզի հասունացած է քաղաքական դաշտի թարմացման անհրաժեշտությունը, որով կապահովվի հարթ, բնականոն սերնդափոխությունը, և հատկապես միջսերնդային համերաշխությունը: Ի վերջո քաղաքացիական և ժողովրդավարական հասարակարգի կառուցման և երկրի վաղվա օրվա կերտման գործում երիտասարդության ներուժի անտեսումը կարող է լրջորեն վնասել մեր երկրի ապագան», ասված է հայտարարության մեջ:
