NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Իրավունք» թերթի խմբագրակազմի հայտարարությունը
ՍԻՄ ներսում Հայկ Բաբուխանյան-Հրանտ Խաչատրյան հակամարտության արդյունքում փետրվարի 20-ին լույս չտեսավ «Իրավունք» թերթը: Նույն օրը թերթի խմբագրակազմը տարածեց հետեւյալ հայտարարությունը: Հայտարարության տակ ստորագրել են խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, խմբագիր Հովհաննես Գալաջյանը, Արգինե Հարությունյանը, Ռուսլան Թաթոյանը, Թագուհի Թովմասյանը, Քերոբ Սարգսյանը, Լիլիթ Եղիազարյանը, Ռուզան Ավոյանը:
«Օլիգարխիկ-կրիմինալ համակարգի ուղղակի ցուցումով, «Իրավունք» թերթի հիմնադիր ՍԻՄ կուսակցության հետ կապված իբր վիճելի հարցերին դատական հանգուցալուծում տալու պատրվակով, ակնհայտ դատական հաշվեհարդարի միջոցով փաստացի կազմալուծվեց թերթի գործունեությունը: Փետրվարի 20-ին անվտանգության երաշխիքների իսպառ բացակայության հետեւանքով, նաեւ ի նշան բողոքի, թերթի խմբագրակազմը հարկադրաբար լույս չընծայեց «Իրավունքի» հերթական համարը, ինչը վերջին 11 տարիների ընթացքում աննախադեպ երեւույթ է: Ավելորդ չենք համարում նաեւ շեշտել, որ հենց փետրվարի 20-ին` ազգային զարթոնքի 19-րդ տարեդարձին, «օրենքի անունից» ավազակային հարձակման միջոցով բռնազավթվեց «Իրավունքի» խմբագրությունը, քրեական տարրերը ներխուժեցին թերթի աշխատակազմի սենյակները եւ տիրացան թերթի ամբողջ գույքին: Ընդ որում, անգամ ՀՀ նախկին վարչակազմի օրոք թեեւ «Իրավունքի» նկատմամբ որդեգրվել էր կարծր դիրքորոշում, սակայն այպիսի բիրտ ու վայրենաբարո քայլեր մեր նկատմամբ չէին ձեռնարկվում:
Թե ինչքան ժամանակ լույս չի ընծայվի «Իրավունքը»` այս պահին հնարավորություն չունենք կանխատեսելու, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: Սակայն մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մեր ընթերցողը հնարավորինս շուտ կարողանա կրկին կանոնավորապես օգտվել անաչառ, բազմակողմանի եւ անկաշառ լրատվություն ստանալու իր անօտարելի սահմանադրական իրավունքից:
Քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտներին, միջազգային համապատասխան կառույցներին, բոլոր ԶԼՄ-ներին կոչ ենք անում, գիտակցելով այս նախադեպի ողջ վտանգավորությունը եւ ՀՀ-ում խոսքի եւ մամուլի ազատության իսպառ ոչնչացման իրական սպառնալիքը, հստակ գնահատական տալ կատարվածին եւ համախմբվել խոսքի եւ մամուլի ազատության հիմնարար սկզբունքի պաշտպանության համար:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ա1+»-ի փակումով գործնական կիրառման մեջ դրվեց այլ լրատվամիջոցներին նույն ճակատագրին արժանանալու երկյուղի միջոցով վերահսկելի դարձնելու մեխանիզմը, ինչն այսօր էլ ավելի «կատարելագործվում» է «Փակագծի», «Ժամանակ Երեւանի» եւ «Իրավունքի» դեմ կիրառվող տոտալիտար բնույթի բիրտ օլիգարխիկ-կրիմինալ ճնշումներով», ասված է հայտարարության մեջ:
