Դատախազության մասին օրենքն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «դատախազության մասին» օրենքը: Սա հերթական օրենքն է, որ ընդունվում է հայկական օրենսդրական դաշտը բարեփոխված սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Ըստ այս օրենքի դատախազության համակարգը կունենա հետեւյալ բաղկացուցիչները. գլխավոր, Երեւանի, մարզային դատախազություններ, համայնքային դատախազական մարմիններ, զինդատախազություն: Համակարգի երեք կարեւոր մարմիններն են լինելու դատախազության կոլեգիան, էթիկայի հանձնաժողովը եւ որակավորման հանձնաժողովը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր լիազորությունների արդյունավետ իրագործման համար դատախազությունը պետք է դադարի լինել նախաքննություն իրականացնող մարմին: Դատախազությունը պետք է լինի միայն վերահսկող, դատարանում մեղադրանքը պաշտպանող ու նաեւ ունենա պետական շահերը պաշտպանելու լիազորություն: