«Խորհրդարանական ժամը» հակասահմանադրական է

ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անելով փետրվարի 18-ին որոշել է, ԱԺ-ին, այդ թվում եւ ԱԺ ընդդիմադիր ուժերին, հանրային եթերում խիստ որոշակի ժամերի եթեր տրամադրելու ԱԺ որոշումը, այլ խոսքով` «խորհրդարանական ժամը» հակասահմանադրական է: Այս որոշումից էապես տուժում է հանրապետական կուսակցությունը, փետրվարի 20-ին «Հայելի» ակումբում հայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը` «օրենքը ամեն ինչից վեր է: Եթե օրենքը այդպիսին է, Սահմանադրության պահանջը այդպիսին է, այնպես էլ պետք է լինի անկախ նրանից, դա ինձ եւ ձեզ վնասում է, թե ոչ»: Նրա հետ բանավիճող ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանը պատահական չի համարում, որ նման դիմում ու հետեւանք նման որոշում եղավ հենց ընտրությունների շեմին:

ՀԺԿ-ի ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանը, հայտարարել է, որ հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի «բարձր սակագները ընդդիմությանն են վնասում: Նույն ՀԺԿ-ն ունի գործարար համակիրներ: Բայց այդ նույն գործարարները, որ դրամ են վաստակում, եթե նրանք չթաքցնեն իրենց համակրանքը, չեն կարողանա Հայաստանում զբաղվել բիզնեսով»: Գագիկ Մինասյանը վստահ է, որ հայկական հեռուստաընկերությունները քաղաքական գովազդի սակագներ են սահմանել շուկայական մեխանիզմներով, եւ «եթե փորձեք համոզել, որ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը ունեն այդ հնարավորությունը, իսկ ընդդիմությունը չունի, ես ուղղակի ձեզ խորհուրդ կտամ հետեւեք, թե ինչպես են իրենց գումարները սկսել ծախսել մի քանի ընդդիմադիր կուսակցություններ. օվկիանոսից այնկողմ գործուղումներ իրենց գրպանի հաշվին, հանդիպումներ»: