NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ուժեղը ուժեղին որ հանդիպի, ընտրությունն օրինական կլինի
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, ճիշտ է, երբ ընդդիմադիր կուսակցությունները որոշել են խորհրդարանի ընտրությանը մասնակցել ինքնուրույն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է նաեւ, թե ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր ուժերը որոշակի համախմբվածություն ունենային: Գալուստ Սահակյանը նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունը փոխանակ դժգոհի, որ զուրկ է հեռուստաեթերից, ավելի լավ է լինի ուժեղ եւ այդպիսով լուծի իր հարցը: «Պետք է կարողանան ուժեղ լինել, ոչ թե խոսքի արժեքով պետք է առաջնորդվեն` որ թալանեցին, տարան կերան, այլ կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն», ասում է Գալուստ Սահակյանը:
Խոսելով Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին, Գալուստ Սահակյանը նկատել է, թե «երբ գնում էի ԲՀԿ համագումարին, ինձ թվում էր, թե պետք է ականատես լինեմ նորաստեղծ ուժերին հատուկ հերոսական պաթոսի, բայց ամեն ինչ նորմալ էր ու պատշաճ: Առաջին պահին նույնիսկ մտածում էի, որ ինչպես նոր ձեւավորված ուժերն են լինում եւ հերոսաբար մարտնչում, այդ ոգով պետք է գնար, բայց շատ նորմալ, տրամաբանական խնդիրներ էին առաջարկում, որոնք ոչ թե նորություն էին հասարակության համար, այլ ակնհայտորեն Բարգավաճ Հայաստանն այն ուղղությունները որ ընդգծեց, ջատագովն է լինելու պաշտպանել հենց այդ ուղղությունները, եւ դա ես արդարացված եմ համարում»: Դրանից բացի, նա կարծում է, որ ուժեղներն ուժեղներին միշտ պետք է հանդիպեն, եւ դրանից է կախված լինելու ընտրությունների օրինականությունը:
Իսկ ընտրությունները պետք է լինեն այդպիսին, եւ ՀՀԿ-ն, ըստ Գալուստ Սահակյանի, վճռական է: «Ամեն ինչ արվում է այսօր, որ գոնե Հանրապետական թեւում որեւէ խախտման, կամ գործարքի վիճակներ չստեղծվեն», ասում է Գալուստ Սահակյանը: Նա հայտարարել է, որ ԲՀԿ հետ նախընտրական դաշինքի մտադրություն չկա, իսկ հետընտրական զարգացումները կախված կլինեն ստացած ձայների քանակից:
