NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իշխանությունը թույլ կտա հատել Թեղուտի անտառը
Մանես Վալեքս ընկերությունը, որ տնօրինում է Ալավերդու պղնձամոլիբդենային
գործարանը, ամենայն հավանականությամբ կհատի Լոռու մարզի Թեղուտի անտառի մոտ 60
հազար հեկտար տարածք: Իհարկե, դա կարվի ոչ թե միանգամից, այլ 25 տարվա ընթացքում:
Անտառի տարածքում հայտնաբերվել են մոլիբդենի եւ պղնձի մեծ պաշարներ` 150 հազար
տոննա մոլիբդեն եւ 1 միլիոն 600 հազար տոննա պղինձ: Առայժմ կառավարությունը տվել է
միայն տարածքը: Բայց շատ հավանական է, որ կտա նաեւ այն փորելու եւ շահագործելու
թույլտվությունը, քանի որ բնապահպանության նախարարությունն իր նախնական դրական
եզրակացությունն արդեն տվել է: Այս մասին հայտնել է բնապահպանության նախարար Վարդան
Այվազյանը:
Նրա խոսքով, Մանես Վալեքսը անտառը կտրելու է բավական նպաստավոր պայմանով: «Իր
շահագործման ընթացքում, 25 տարվա ընթացքում, այդ տեղամասի շահագործման համար
անհրաժեշտ է, որ նրանք կտրեն 500 հա անտառային տարածք: Դա մոտավորապես կազմում է
մոտ 60 հազար խմ փայտանյութ: Տարեկան Հայաստանում կտրվում է, մեր տվյալով, օրինակ
մոտ 100 հազար խմ, իսկ Համաշխարհային բանկի տվյալով` անօրինական հատվում է մոտ
600-700 հազար խմ փայտանյութ», ասում է Վարդան Այվազյանը:
Նա ասում է, որ Մանես-Վալեքսի 25 տարվա հատելիքը չի կարող անգամ կորուստ համարվել:
Բանն այն է, որ Վալեքսը պարտավորվում է իր կտրած անտառի չափով անտառ տնկել: Մանես
Վալեքսի հայտը այժմ գտնվում է գյուղատնտեսության նախարարության քննության փուլում,
քանի որ անտառային տնտեսությունը գյուղնախարարության ենթակայության տակ է:
Իսկ ինչու Վալեքսին տալ նոր գործունեության հնարավորություն, եթե այդ ընկերությունն
այդպես էլ չի տեղադրում Ալավերդու պղնձամոլիբդենայինի ֆիլտրերը, որ կկանխեն
թունավոր արտանետումները, որոնց քանակը Ալավերդի քաղաքում թույլատրելիից խիստ բարձր
է հենց բնապահպանության նախարարության տվյալով, իսկ հասարակական-բնապահպանական
կազմակերպությունների տվյալի համաձայն` ալավերդցիները ուղղակի թունավորվում են տեղի
օդը շնչելիս: Վարդան Այվազյանը հայտարարել է, որ Մանես-Վալեքսի բնապահպանական
վճարների ծավալն այս տարի եռապատկվել է, մոտ 30 միլիոն դրամից տարեկան հասնելով մոտ
120-ի: Եթե ընկերությունը 5 տարվա ընթացքում չտեղադրի այնպիսի սարքավորումներ,
որոնք կկանխեն թունավոր արտանետումները, ապա ստիպված է լինելու վճարել դրա 15-ից
մինչեւ 25 պատիկ գումար:
