NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը անընդունելի է
«Ինտերնյուս» եւ Երեւանի մամուլի ակումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Նունե Սարգսյանը, Դավիթ Սանդուխչյանը, Բորիս Նավասարդյանն ու Մեսրոպ Հարությունյանը փետրվարի 15-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը անընդունելի է, եւ եթե օրենք դառնա, էլեկտրոնային լրատվամիջոցների եւ ոլորտի ներկա վիճակում, ըստ էության, ոչինչ չի փոխվի:
Կառավարության սույն նախաձեռնությունը ԱԺ 2006 թվականի աշնանային նստաշրջանում` սեպտեմբերին, բավարար ձայներ չհավաքեց եւ տապալվեց: Նոր նախագիծը տապալվածից առանձնապես չի տարբերվում եւ բազմաթիվ խնդիրներ է հարուցելու: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի տապալումից հետո կառավարությունը խոստացավ լայն քննարկումներ կազմակերպել, սակայն 2006 սեպտեմբերից մինչեւ 2007-ի փետրվար եղել է միայն մեկ հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հանրային հեռուստատեսության, «Ինտերնյուսի» եւ Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիների մասնակցությամբ: ՀԿ-ների ներկայացրած բազմաթիվ առաջարկներ չեն ընդունվել:
Նախագծով առաջարկվում է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով ձեւավորել 8 հոգուց, որոնց կեսին կնշանակի Աժ-ն, կեսին` նախագահը: Հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում ԱԺ եւ նախագահը հերթականությամբ են անդամներ նշանակելու: ՀԿ-ները առաջարկել են նոր կամ փոփոխված օրենք ունենալու պահից հրաժարական տան հանձնաժողովի գործող անդամները, եւ նշանակումները զրոյական գծից սկսվեն: Առաջարկը չի ընդունվել եւ հիմա ստացվելու է, որ հանձնաժողովում միշտ նախագահի նշանակած անդամները գերակշիռ են լինելու:
Առաջարկվում է ՀՌԱՀ անդամ նշանակել ԱԺ որոշմամբ, ում սակայն որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է հետ կանչել ԱԺ նախագահը միանձնյա: «Եթե հանձնաժողովի անդամին ստիպել են հրաժարական տալ, ապա նա կարող էր այդ հարցը քննարկել իրեն նշանակողի` ԱԺ նիստում: Իսկ այսպես ԱԺ նախագահը կստորագրի հրաժարականի դիմումը եւ վերջ», եզրակացնում են մասնագետները:
Ուշագրավ մի փաստ եւս. 2002 թվականին, երբ ԱԺ օրակարգում էր զանգվածային լրատվամիջոցների մասին նախագիծը, ԵԽԽՎ ընդունած մի բանաձեւում ՀՀ իշխանություններին առաջարկվում էր օրենք ընդունելիս հաշվի առնել եվրոպացի փորձագետների, քաղաքացիական հասարակության եւ լրագրողական հանրության կարծիքը: «Ընդունվեց ընդունելի օրենք», հիշում է Բորիս Նավասարդյանը: Իսկ այսօր նույն ԵԽԽՎ Հայաստանի իշխանությունների առաջարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենք ընդունելիս հաշվի առնել միայն եվրոպացի փորձագետների եւ քաղաքացիական հասարակության կարծիքը: Լրագրողական հանրությունը անտեսված է ՀՀ իշխանությունների ճնշման արդյունքում, եզրակացնում է Բորիս Նավասարդյանը:
