NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցադիմումը

Փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Վազգեն Լալայան) քննության առավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ Զարուհի Փոստանջյանի բողոքը ընդդեմ 2006թ. նոյեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Կարապետ Կարապետյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր դատախազությանը, անհայտ անձանց կուսակցության գրասենյակ ներխուժելու եւ համակարգչային ինֆորմացիան գողանալու կապակցությամբ քրեական գործ հարուցելու դիմումով: Լսելով կողմերի փաստարկները եւ հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը որոշեց չբավարարել Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը, տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի գրասենյակը:
