ԼՂՀ հասարակայնությունը նախագահի պաշտոնում տեսնում է Մասիս Մայիլյանին

Մի շարք հասարակական կազմակերպություններ միավորող Ստեփանակերտի
Ռեսուրս-կենտրոնը ս.թ. փետրվարի 8-10-ը անցկացրել է հարցում, նպատակ ունենալով
պարզել արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները «Իշխանություն-ՀԿ»
հարաբերությունների, գալիք նախագահական ընտրությունների ու ԼՂՀ ապագա նախագահի
մասին:

Հարցմանը մասնակցել են իրապես գործող թվով 36 կազմակերպությունների լիդերներ,
կազմակերպություններ, որոնք առանցքային դեր են խաղում հասարակական ոլորտում և
ներկայացնում են գրեթե բոլոր ուղղությունները՝ երիտասարդական, լրագրողական,
բնապահպանական, մշակութային, ազգային, սոցիալական, իրավապաշտպան, ինչպես նաև
ազգային փոքրամասնությունՆերը ներկայացնող ՀԿ-ներ: Մի քանի կազմակերպություն այս
կամ այն պատճառով չի մասնակցել հարցմանը:Հասարակական գործիչներին առաջարկվել է
պատասխանել չորս հարցի:

Հինգբալանոց սանդղակով գնահատեք իշխանությունների վերաբերմունքը հասարակական
սեկտորի նկատմամբ

15 հասարակական գործիչներ «երեք» են նշանակել իշխանություններին, 10 հոգի՝ «երկուս»,
8 հոգի՝ «մեկ»: Միայն երկու հոգու կարծիքով է իշխանությունն արժանի «չորս»
գնահատականի, իսկ ահա «հինգ» գնահատականը ոչ ոքի մտքով չի անցել:

Հասարակական կազմակերպությունները պիտի լինեն իշխանությունների...

15 հասարակական գործիչներ գտնում են, որ ՀԿ-ները պիտի լինեն իշխանությունների
գործընկերը, 10-ը համոզված է, որ հասարակական կազմակերպությունները վերահսկողի
դերում պիտի լինեն, հինգի կարծիքով իշխանություններն ու ՀԿ-ները պիտի դաշնակիցներ
լինեն, մեկն էլ կարծում է, որ այս երկուսը մրցակիցներ են: Մի հոգի դժվարացել է
պատասխանել, իսկ ահա երք հոգի առաջարկել են ՀԿ-ների կարգավիճակի «այլ տարբերակ»,
այն է՝ «կառուցողական ընդդիմություն», «շարժիչ ուժ» և «նշված բոլոր գործառույթները
միասին»: «Հակառակորդներ» տարբերակը ոչ ոքի կողմից չի ընկալվել:

Նշեք այն ամենագլխավոր երեք հատկանիշները, որոնք անհրաժեշտ են երկրի նախագահին

25 մարդ որպես թեկնածուի անհրաժեշտ կարևորագույն հատկանիշ նշել է
հայրենասիրությունը, 18 հոգու կարծիքով առաջնայինը խելքն է, 15-ի կարծիքով՝
ազնվությունը: Կամքը, բարոյականությունն ու դիվանագիտական ճկունությունը կարևորել
են 9, անշահախնդրությունը, անկաշառությունն ու խստապահանջությունը՝ 6 հոգի:
Ինքնուրույնությանը, համարձակությանը, սրտացավությանը, մարդամոտությանը և
արդարամտությանը տրվել է մեկական ձայն: Ուշագրավ է, որ «հայեցի մտածողությունը» ոչ
ոք չի տեղադրել «առաջին եռյակում»:

Ու՞մ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում (թույլատրվել է նշել երկու անուն)

Այս հարցում «քվեները» բաշխվել են հետևյալ կերպ.

17 - Մասիս Մայիլյան (ԼՂՀ փոխարտգործնախարար)

8 - Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ)

4 - Արկադի Ղուկասյան (ԼՂՀ գործող նախագահ)

4 - Աշոտ Ղուլյան (ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ)

3 - Արմեն Սարգսյան (ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ -Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար

3 - Գեորգի Պետրոսյան (ԼՂՀ արտգործնախարար)

3 - Սեյրան Օհանյան (ԼՂՀ պաշտպանության նախարար)

2 - Արթուր Աղաբեկյան (ՀՀ պաշտպանության փոխնախարար)

1 - Սամվել Բաբայան (ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար)

1 - Ռուդիկ Հյուսնունց (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ)

1 - Սերգեյ Քալանթարյան (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)

1 - Վարանդ Փափազյան (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)

1 - Դավիթ Բաբայան (ԼՂՀ նախագահի օգնական)

Ութ հոգի ոչ մեկին չեն տեսնում ԼՂՀ նախագահի պաշտոնում: