Իսկական զինվորը չի խոսում, դրանից են օգտվում ուրիշները եւ պատմություն ստեղծում

19 տարի առաջ, փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կենտրոն Ստեփանակերտում սկսվեց հանրահավաքներից առաջինը, որ հետո բերեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ անկախության: Ստեփանակերտի հանրահավաքին նախորդել էին հավաքները Հադրութում, դրանից առաջ, սկսած 1987 թվականի աշնանից, եղել էին տարբեր նախաձեռնություններ եւ հանդիպումներ: Այս ամենի եւ դրանց հաջորդած զարգացումների մասին 2007 թվականի փետրվարի 13-ին «Ուրբաթ» ակումբում պատմեց ղարաբաղյան շարժման առաջին օրերից մասնակից Մանվել Սարգսյանը: Մանվել Սարգսյանը հիշելով հայտնի միտքը, թե ամենաշատ սուտ խոսվում է ընտրություններից առաջ եւ պատերազմից հետո, հայտարարեց` «գործող անձիք եւ այսօր խոսողները տարբերվում են իրարից: Ես չեմ տեսել զինվոր, որ առաջին օրից պատերազմում էր, չի զոհվել ու հիմա խոսում է: Այդ մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ այդ մարդկանց ստիպել խոսել, մի բան պատմել պատերազմից: Գուցե դրանից են օգտվում ուրիշները եւ պատմություն են ստեղծում»:

Ոչ ոք չի հիշում, որ 1992 թվականի մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի առաջին հրամանատար է նշանակվել Արկադի Տեր-Թադեւոսյանը, կամ որ 1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում հանրահավաքը կազմակերպել է Արկադի Կարապետյանը, ով հետո մինչեւ 1992 թվականը զինված պայքարի մեջ էր: Իսկ Ղարաբաղյան շարժման հանրագիտարանում «բոլոր այն տղաները, ովքեր մի բան են արել, դրանց մասին 10 տող է, իսկ մարդիկ, ում ոչ ոք չի տեսել, երկու էջ գրած է»: Մանվել Սարգսյանին սակայն ավելի շատ ներկա իրողությունն է հետաքրքրում եւ ապագան, «անտարբեր եմ պատմության կեղծման նկատմամբ» :

Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմ - երկրորդ կազմ չի եղել: Ընթացքում, ըստ աշխատանքների ծավալի, նոր մարդիկ են ներգրավվել կոմիտե` Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ այլք: Հետո սակայն առաջին անդամները հեռացել են: Ղարաբաղ կոմիտեի առաջին անդամներից Մանվել Սարգսյանը հայտարարեց, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ղարաբաղ կոմիտեի եւ հին, եւ նոր անդամների հետ, անկախ նրանից, թե նրանք ընդդիմություն են եղել, թե իշխանություն:

Ղարաբաղյան շարժումը 60-ականների, ցավոք չհաջողված, շարժման գործի շարունակությունն էր: Նոր սերունդը ճիշտ էր գնահատել գորբաչովյան վերակառուցման գաղափարը, հայտարարեց Մանվել Սարգսյանը: Թեեւ շատերը հայտարարում էին, թե սրա վերջը վատ է լինելու, թե կբռնեն կդատեն, թե ժողովուրդը չի կարող միանգամից կանգնել ու իր պահանջը ներկայացնել, ժողովուրդը շատ էր վախեցած, հոգեբանությունը բարդ էր, բայց ոչ ոք չնահանջեց եւ գիտակցաբար շարժումը սկսվեց հենց վերակառուցման անունով եւ Գորբաչովի նկարով, նաեւ Ռուսաստանի դեմոկրատ ուժերի աջակցությունն ունենալով: Ու էլի պատահական չէր, որ շարժումը սկզբում կոչվում էր սահմանադրական` ամեն ինչ օրենքով: «Ղարաբաղի ժողովուրդը ցույց տվեց կարեւոր նախադեպեր, որ ուրիշ ժողովուրդներ օգտագործեցին, մենք վերականգնեցինք ժողովուրդների ներկայացուցիչների դերը», հայտարարեց Մանվել Սարգսյանը: Հենց այսպես կոտրվեց հոգեբանական պատնեշը, եւ մարդիկ սկսեցին ստորագրել, միանալ, «քաղաքացիական համաձայնության նման բան էր դա»:

Այսօրվա լիդերացավով տառապողներին թերեւս արժեր, որ լսեին Մանվել Սարգսյանի հիշողությունները: Երբ ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն` լիդերներ չկային, Ղարաբաղ կոմիտեի 9 անդամները միասին աշխատելու տարիների ընթացքում բնական լիդերներ էին դարձել, նրանց ժողովուրդն էր ընտրել: Պատերազմի դաշտում էլ առաջինը լիդերն էր զենք վերցնում. «Ղարաբաղում առաջին խորհրդարանի նախագահ Արթուր Մկրտչյանը առաջիններից էր, ով զենք վերցրեց: Եվ շարժման լրջությունը հենց դա էր», հայտարարեց Մանվել Սարգսյանը: Սակայն Խորհրդային եւ ադրբեջանական իշխանությունները դաժան պատասխան տվեցին, որովհետեւ չէին պատկերացնում ինչպես խոսել մարդկանց հետ, ովքեր օրենք չեն խախտում: Ի դեպ, ղարաբաղյան շարժումը հենց ակունքներում` Հադրութում ճնշելու փորձերում աչքի է ընկել ԼՂՀ ներկայիս ՆԳ նախարար Արմեն Իսագուլովը: Բայց հենց այդ ճնշումները դարձան առիթ, որ բոլորը հասկանան` «ամեն ինչ անշրջելի է, ժողովուրդը գնաց իր իրավունքը հաստատելու ճանապարհով, խնդրանքները վերջացել էին»: