Դեսպանատունը վերածվել է առեվտրական կազմակերպության

ՍԴՀԿ Սարգիս Տխրունի միությունը բաց նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանին` մտահոգություն հայտնելով Ռուսաստանում հայերի վիճակի եւ ՀՀ դեսպանատան անգործությամբ: Նամակում ասվում է. «Պարոն նախարար, արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանում օրը ցերեկով սպանվում են հայեր եւ սպանվում են միայն իրենց «ոչ ռուս» լինելու պատճառով: Մեր երկրի արտգործնախարարությունն այս առթիվ երբևիցե բացատրություն ռուսաստանցի իր գործընկերներից չի պահանջել: Այս պայմաններում վրդովեցուցիչ է այն, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, ըստ մեզ հասած բողոք-դիմումների, ավելի շատ վերածվել է առեւտրական կազմակերպության, քան դիվանագիտական ներկայացուցչության: Փոխանակ դեսպանատունը տեղի հայերի շահերը պաշտպանի, կարծես թե ամեն ինչ անում է, որպեսզի հայերի համար ավելի շատ խնդիրներ ծագեն:

Կոչ ենք անում Ձեզ կարգի հրավիրել մեր դեսպանատան աշխատակիցներին եւ անձամբ դեսպանին, որովհետև այսպես ուղղակի անհնար է շարունակել»: