NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թավշյա հեղափոխությունն իրականանալի է
Կարեւորագույն խնդիրներից մեկը, որ ընդդիմությունը պետք է լուծի, եւ ինչին էլ
պետք է աջակցի մամուլը, այն թեզի տարածումն է, որ 2007 թվականի ընտրությունը
կեղծելը իշխանությանը չի ներվելու: Այդ կարծիքին է Ազգային Ժողովրդավարական Դաշինք
կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, ով փետրվարի 12-ին հյուրընկալվել է Ուրբաթ
ակումբում: Տեսակետ կա, որ Արեւմուտքը իրականում կների ընտրությունների կեղծիքը,
քանի որ դիկտատորական վարչակարգերը այդպիսով դառնում են առավել կառավարելի: Արշակ
Սադոյանը դեմ է այդ տեսակետին եւ նշում է, որ Արեւմուտքն ունի հակառակ փորձը, երբ
դիկտատորական վարչակարգերն ամրանում են, հետո դառնում ինքնուրույն, անկառավարելի եւ
հարուցում են շատ խնդիրներ նույն այդ Արեւմուտքի համար:
Այդ իսկ պատճառով ԱԺԴ ղեկավարը համոզված է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չեն
ների ընտրակեծիքն այս անգամ, իսկ Ռուսաստանը, որի աջակցությանը գուցե սպասում է
Հայաստանի իշխանությունը, ինքն ունի ժողովրդավարությանն առնչվող խնդիրներ
Արեւմուտքի հետ: ԱԺԴ ղեկավարն իհարկե ասում է նաեւ, որ Արեւմուտքի արձագանքը չի
լինելու ինչ որ մարտական գործողության տեսքով, այլ ընդամենը պարունակելու է
ֆինանսական պատժամիջոցներ, օգնության կրճատում:
Իսկ ընտրակեղծիքների դեմ պայքարի գործնական առաքելությունը միմիայն քաղաքական
ուժերի ու հանրության վրա է, կարծում է Արշակ Սադոյանը, նշելով, որ ընդդիմությունը
պետք է համախմբված պայքարի ընտրակեղծիքների դեմ: Սադոյանը համաձայն չէ միասնական
ճակատով գնալուն: Նա ասում է, որ ընդդիմության ուժերի բազմազանությունը կապահովի
նաեւ վստահված անձանց բազմազանություն: Ամեն մեկն առանձին պայքարելու է իր ձայնի
համար, եւ այդպիսով կլինի ընտրակեղծիքների դեմ լուրջ պայքար, կարծում է ԱԺԴ
ղեկավարը: Սադոյանը հաշվել է` եթե լինի ասենք տասը ընդդիմադիր ուժ, ապա դա կազմում
է 20 հազար վստահված անձ ամբողջ Հայաստանում: 20 հազար զույգ աչքի առաջ ինչ որ
կեղծիքներ անելը հեշտ բան չէ, ասում է ԱԺԴ ղեկավարը: Իսկ անելու դեպքում, եթե այդ
մարդիկ միայն դուրս գան փողոց, ապա թավշյա հեղափոխությունը Սադոյանը համարում է
միանգամայն իրականանալի:
Միաժամանակ, Արշակ Սադոյանը առաջարկ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ
Եվրոպական կառույցներին: Առաջարկը վերաբերում է Հայաստանի խորհրդարանի ընտրությանը:
Արշակ Սադոյանն ասում է, որ եթե արեւմտյան երկրներն ու կառույցները մտածում են
Հայաստանի ժողովրդավարական ընտրության մասին եւ դրա համար պատրաստ են փող ծախսել,
ապա պետք է այդ փողը ծախսեն առարկայական: Արշակ Սադոյանը ներկայացնում է
առարկայական ծախսի առաջարկ:
Ըստ այդմ, ԱԺԴ ղեկավարը դիմում է արեւմտյան երկրներին ու միջազգային կառուցներին,
որպեսզի նրանք կարողանան Հայաստանի հեռուստաընկերությունների եթերում ապահովել
ընտրական գործընթացի անաչառ լուսաբանում: Դրա համար Սադոյանն առաջարկում է որեւէ
հեռուստաընկերության եթերում ֆինանսավորել ամենօրյա մեկժամյա թողարկում «Ժողովրդավարության
ժամ» պայմանական անվանումով: ԱԺԴ նախագահի կարծիքով, այդ հաղորդման ընթացքում
անաչառ կլուսաբանվի ընտրական գործընթացը, եւ ընդդիմությունը հնարավորություն
կունենա քիչ թե շատ լիարժեք ներկայացնել իր մոտեցումները երկրի իրավիճակի
վերաբերյալ եւ դրանից դուրս գալուն ուղղված ծրագրերը:
Սադոյանի կարծիքով, այն սակագները, որոնք սահմանել են հեռուստաընկերությունները
վճարովի նախընտրական եթերաժամի մեկ րոպեի համար, ընդդիմությանը կանգնեցնում են
հեռուստաեթեր ունենալու բարդ խնդրի առաջ:
