NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Օրինաց երկիր»-ը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
«Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստում երեկ որոշում է
ընդունվել միայնակ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որեւէ
ուժի հետ դաշինք չկազմել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարելով այդ մասին` կուսակցության
նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դա չի նշանակում, թե կուսակցությունը չի
համագործակցելու առողջ ընդդիմադիր ուժերի հետ:
Քանի որ, Բաղդասարյանի խոսքերով, ինչպես իշխանությունները, այնպես էլ
ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու են մի քանի բեւեռներով, «Օրինաց երկիր»-ը
եւս մաս կկազմի դրանց:
Լրագրողների դիտարկմանը, թե ինքը մինչ այս մամուլում ասել էր, թե «Օրինաց երկիր»-ի
հետ դաշինք կազմելու պատրաստ կուսակցությունները բազմաթիվ են, Բաղդասարյանը
արձագանքեց. - «Ես դեմ եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ թիմի
ներքո, որովհետեւ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն` հարձակում
գործելու ընդդիմադիր այդ բեւեռի դեմ: Ինչ վերաբերում է հիմնավորումներին`
արհեստական դաշինքներում խանդը սիրուց ուժեղ է: Ավելի լավ է լինի առողջ
համագործակցություն, ավելի լավ է լինի կոնկրետ կետերի, սկզբունքների շուրջ
համագործակցություն, քան տարբեր գաղափարներ, տարբեր ծրագրեր ունեցող
կուսակցությունները համախմբվեն եւ, ժողովրդի լեզվով ասած` դառնա աջաբսանդալ»:
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ը ընտրություններին կմասնակցի
ե'
ւ համամասնական, ե'
ւ մեծամասնական ընտրակարգով: Մեծամասնականով առաջադրվելիք
թեկնածուների ցուցակը կհրապարակվի փետրվարի երկրորդ կեսին: Իսկ կուսակցության
համամասնական ցուցակում, Բաղդասարյանի փոխանցմամբ, ընդգրկվելու են հիմնականում
կուսակցության ներկայացուցիչները. - «Մեր կուսակցության համամասնական ցուցակը
լինելու է գերազանցապես կուսակցական ցուցակ, դրանք լինելու են մեր ժողովրդին մի
մասը` ծանոթ գործիչներ, որոնց հրապարակային քաղաքական դաշտում գիտեք: Ցուցակը
պատրաստ կլինի փետրվարի 20-ից հետո»:
Նախկինում իշխանական, իսկ այսօր ընդդիմություն դարձած «Օրինաց երկիր»-ը,
կուսակցության նախագահի ձեւակերպմամբ, խորհրդարան է գնում հետեւյալ նպատակներով. -
«Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ եւ բարեփոխումների համար: Մենք պիտի
համագործակցենք նախ եւ առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ եւ ուզում ենք, որ
ընդդիմությունը ունենա մեծամասնություն: Դրա համար պայքարելու ենք, համագործակցելու
ենք ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունների հետ»:
Իրինա Հովհաննիսյան
