NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ ընտրություններում հավակնում է առնվազն երկրորդ տեղին
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ, կուսակցության արտահերթ համագումարը
նախապատրաստող կազմկոմիտեի համակարգող, կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վարդան
Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ
կուսակցությանը չի բավարարի գալիք խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը
զբաղեցնելը:
«Մենք ընդամենը մի բան կարող ենք ասել, որ այսօր մեր գործունեությունը ծավալում ենք,
որպեսզի Ազգային ժողովի ընտրություններում երրորդ տեղը չզբաղեցնենք», - ասաց նա:
Պատասխանելով կուսակցության անդամների թվի մասին հարցին` Վարդանյանը ասաց, թե «Բարգավաճ
Հայաստան»-ին անդամակցում են «կարելի է ասել` ընտրողների մեկ քառորդը»:
«Մոտ 370 հազար անդամ այսօրվա դրությամբ մենք ունենք: Անդամագրության գործընթացը
շարունակվում է», - ավելացրեց նա:
Մարդկանց, ըստ Վարդան Վարդանյանի, հրապուրում են, հիմնականում, կուսակցության
ծրագրերը. - «Իհարկե, մենք չենք անտեսում նաեւ մեր կուսակցության լիդերի` պարոն
Ծառուկյանի անձը, որը բավականին մեծ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում»:
Դիտարկմանը, թե կուսակցության կողմից բաժանվող կարտոֆիլի սերմացուն կամ հակավորման
թելը շատերը համարում են ընտրակաշառք, Վարդանյանը արձագանքեց. - «Դա բարեգործական
ակցիա է: Ես շատ եմ ցավում, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ակցիաները միայն այս
վերջերս են լուսաբանում»:
Խորհրդարանական ընտրություններում նախընտրական դաշինքին վերաբերող հարցին «Բարգավաճ
Հայաստան»-ի ղեկավար անդամը պատասխանեց. - «Նման խոսակցություն կուսակցությունում
չի եղել, քաղաքական որոշում չի կայացվել: Եթե քաղաքական որոշում կայացվի, դա կլինի
[փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կայանալիք] համագումարի նախօրեին»:
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների հետ իր հանդիպումներում ասել
է, որ այս պահին դաշինքը նպատակահարմար չի երեւում` բավական ներուժ ունեն
ընտրություններին առանձին մասնակցելու, բայց, ամեն դեպքում, հետեւում են քաղաքական
դաշտի զարգացմանը:
Կուսակցության ընտրական ցուցակի մասին հարցին ի պատասխան Վարդան Վարդանյանը ասաց,
որ այն կճշտվի համագումարից հետո. - «Բայց համոզված եմ, որ առաջին համարը կլինի
Գագիկ Ծառուկյանը»:
Ռուզան Խաչատրյան
