Արման Բաբաջանյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Տարբերությունն այնքան ակնհայտ է, որ տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցածը
ոչ թե քրեական դատավարական ընթացակարգ է, այլ` քրեական դատավարության քողի տակ
իրականացվող մի հաշվեհարդար»,- այսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ
դատարում «Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով
դատական նիստի ժամանակ ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Փաստաբանն այսօրվա դատական նիստի ժամանակ հանդես եկավ պաշտպանական ճառով, սակայն
մինչ այդ նրա եւ մյուս պաշտպան Զարուհի Փոստանջյանի կողմից արվեց միջնորդություն:
Նրանք միջնորդեցին դատական նիստը հետաձգել մինչեւ միջգերատեսչական հանձնաժողովի
կողմից կքննվի Արման Բաբաջանյանի դիմումը, բայց դատարանը միջնորդությունը մերժեց:

Հայկ Ալումյանը պաշտպանական ճառում նշեց, որ խտրականություն է դրսեւորվում բոլոր
ատյանների կողմից: Մասնավորապես, դատախազությունը գործ է հարուցել շինծու անձի
դիմումի հիման վրա. «Ինչպես է դատախազությունը մեղադրում Արման Բաբաջանյանին
փաստաթղթեր կեղծելու մեջ, երբ հենց ինքը Բաբաջանյանին քրեական պատասխանատվության
ենթարկելու նպատակով գործին է կցել և օգտագործել է կեղծ փաստաթուղթ` գոյություն
չունեցող «Արտակ Խաչատրյանի» դիմումը:

Մի՞թե գործում է «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքը»: Ըստ պաշտպանի, այս
գործը քննության առումով որեւէ բարդություն իրենից չէր ներկայացնում: «Հազարավոր
նման գործեր քննվել եւ մինչեւ օրս էլ քննվում են համայնքների դատախազությունների
քննիչների կողմից: Մինչդեռ Ա.Բաբաջանյանի գործը քննվել է ՀՀ գլխավոր դատախազության
քննչական վարչությունում, հատկապես կարեւոր գործերով քննիչի կողմից:

Սրանով դատախազությունը ինքն է ընդգծել այն կարեւորությունը, որն ունի այս գործը իր
համար: Սակայն գործից չի երեւում, թե ինչն է այդ առանձնահատուկ մոտեցման պատճառը,
քանի որ քննության առումով այն իրենից առանձնակի բարդություն չի ներկայացրել,
հանցագործությունները, որոնցում մեղադրվում է Բաբաջանյանը առանձնապես ծանրների
շարքին չեն դասվում»,- նկատում է Հայկ Ալումյանը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների
մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածին համապատասխան, այդ օրենքի
գործողության ոլորտը ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2005 թ-ի
հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության
չզորակոչված ու 27 տարին լրացած քաղաքացիների վրա:

Այսպիսով, Բաբաջանյանը լիովին համապատասխանում է այս օրենքի չափանիշներին: «Նրա 27
տարին լրացել է մինչեւ 2005 թ-ը, նա մեղադրվում է այն բանում, որ մինչեւ 2003 թ-ը
խուսափել է զինվորական ծառայությունից:

Օրենքի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ սահմանված չափի տուգանք վճարելու դեպքում
անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Հետեւապես, Արման Բաբաջանյանի
նկատմամբ օրենքը ենթակա է կիրառման, եթե առկա է նրա դիմումը եւ այս փուլը, երբ
գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, հենց այն փուլերից մեկն է, երբ րենքը կարող
է եւ պետք է կիրառվի»,- փաստեց Հայկ Ալումյանը, այնուհետեւ հավելեց, որ չգիտես
ինչու այն մինչ օրս քննության չի առնվել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Պաշտպանական ճառում փաստաբան Հայկ Ալումյանը խնդրեց դատարանից ՀՀ քրեական օրենսգրքի
327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված
մեղադրական դատավճիռը բեկանել եւ այդ մասով քրեական հետապնդումը Արման Բաբաջանյանի
նկատմամբ դադարեցնել ու կարճել գործով վարույթը: Միաժամանակ 324 հոդվածի 2-րդ մասով
կայացված արդարացման դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը`
առանց բավարարման:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 29-ը: