NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փորձել են հրդեհել Ազատական առաջադիմական կուսակցության գրասենյակը
Երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Երեւանի Աբովյան 22ա հասցեում գտնվող
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության գրասենյակը հրդեհելու փորձ է արվել:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության ղեկավար,
հակակրիմինալ շարժման անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, անհայտ անձինք բենզին են լցրել գրասենյակի դռան վրա եւ
հրդեհել, սակայն քանի որ գրասենյակը գտնվում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում`
հարեւանները հրդեհն անմիջապես նկատել եւ մարել են: Հակառակ դեպքում, ըստ նրա,
հրդեհը կարող էր լուրջ խնդիր դառնալ ոչ միայն գրասենյակի, այլեւ ամբողջ շենքի համար:
Ի պատասխան հարցի, թե ովքեր կարող էին փորձել հրդեհել կուսակցության գրասենյակը՝
Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե չի ցանկանում չհիմնավորված հայտարարություններ
անել: Ամեն դեպքում, ըստ նրա, այդ գործողությունն ուղղված է կուսակցության
գրասենյակի դեմ:
«Մենք զբաղվում ենք միայն քաղաքականությամբ, այլ գործով մենք չեն զբաղվում, եւ
հետեւաբար՝ այս քայլն ուղղված է մեր քաղաքական գործունեության դեմ», - ընդգծեց
Հովհաննիսյանը:
Ոստիկանությունն արդեն եղել է դեպքի վայրում եւ արձանագրություն է կազմել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այժմ հետաքննություն է
ընթանում եւ նյութեր են նախապատրաստվում:
Ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեպքի
կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Իմ ունեցած
տվյալներով, Հայաստանի ոստիկանությունն ու զինվորական ոստիկանությունը, այսպես ասած`
ներքին թույլատվություն են ստացել 200 քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ
եւ լրագրողներ գաղտնալսելու»:
Կարապետյանի պնդմամբ, նման թույլատրությունը տրվել է «մոտավորապես 10 օր առաջ»:
Ռուզաննա Ստեփանյան
