Կոզեռն թաղամասի բնակիչները նախագահական նստավայրի դիմաց հասան իրենց պահանջի բավարարմանը

Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները, որոնք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել
Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, հասան իրենց պահանջի բավարարմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրանց շահերի պաշտպան Սամվել Մկրտչյանը,
կոզեռնցիներից 9-ը հենց այսօր կարող են ստանալ սեփականության վկայականներ, իսկ
առաջիկայում վկայականներ կստանան եւս 48 բնակիչներ:

Երեւանի քաղաքապետարանը դեռ երեք ամիս առաջ որոշում էր կայացրել կոզեռնցիների տների
սեփականաշնորհման մասին, սակայն կադաստրի պետական կոմիտեն մինչեւ այժմ ձգձգում էր
վկայականների հանձնումը:

Կոզեռնի բնակիչներն այսօր պաստառ էին բերել, որի վրա գրված էր՝ «Կադաստրի պետական
կոմիտեի պետ Մանուկ Վարդանյան, մի ոտնահարիր Սահմանադրությունը»:

Հարցը հաջողվեց կարգավորել նախագահի աշխատակազմում քաղաքապետարանի եւ կադաստրի
պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Կարինե Քալանթարյան