NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինքնահրկիզում նախագահականի առջեվ
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի եզդիների համայնքի 4
ներկայացուցիչ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ իրենց վրա լցրել են բենզին եւ
ինքնահրկիզվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության եւ շտապբուժօգնության
ծառայությունների մեքենաները եւ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնահրկիզվածները Քյարամ Ավդալյանի ընտանիքի անդամներն են` 68 ամյա մայրը եւ 3
թոռները: Մայրն իր հետ նախապես օղու շշով բերել էր բենզին որպեսզի հրկիզի իրեն,
Քյարամ Ավդալյանի եղբայրն իմանալով մոր պլանները զգուշացրել է նրան, որպեսզի նման
բան չանի: Սակայն մայրը չլսելով որդուն, ցուցի ժամանակ հարմար պահ է գտել եւ
բենզինն իր վրա լցնելուց բացի լցրել է նաեւ իր կողքին եղած թոռնիկների` 12 ամյա
աղջնակի եւ 14- ամյա զույգ տղաների վրա: Բոցավառվելուց անմիջապես հետո տուժածներին
օգնության են հասել շտապբուժօգնության եւ հրշեջ ծառայության մեքենաները եւ նրանց
անմիջապես տեղափոխել են ՀՀ ԱՆ Հանրապետական այրվածքային գիտական կենտրոն:
Տուժածների վիճակը շատ ծանր է, նրանց մարմինն ամբողջովին կապված է բինտով, այրվել
են ինքնահրկիզված կնոջ ոտքերը, երեխաների դեմքը:
Տեղեկացնենք, որ այսօր նախագահի նստավայրի մոտ եկել էին եզդիների համայնքի շուրջ 30
ներկայացուցիչ: Նրանք բողոքում էին արդարադատության մարմինների անգործության դեմ:
Խնդիրն այն է, որ վերջերս հանդում դաժան ծեծի հետեւանքով սպանված 42-ամյա Քյարամ
Ավդալյանի գործով ձերբակալվել է 72-ամյա մի հաշմանդամ: Սակայն, սպանվածի ընտանիքի
անդամները համոզված են, որ արդարադատությունը սխալ է իրականացվել, քանի որ մինչ այդ
Լճաշեն գյուղի ղեկավարները խնդիրներ են ունեցել Քյարամ Ավդալյանի հետ որոշակի
հողատարածքների կապակցությամբ:
Նախագահականի առջեւ տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը հանդիպել է Քյարամ Ավդալյանի երկու ազգականների հետ: Վերջիններս
դատախազին ներկայացրել են իրենց բողոքը եւ ծանոթացրել գործին: Դատախազն առաջարկել է
գործին վերաբերող փաստաթղթերը տեղափոխել իր մոտ, որպեսզի նա անձամբ զբաղվի այդ
գործով: Ինչպես տեղեկացանք ազգականներից, գործը երկու օրից արդեն կլինի գլխավոր
դատախազի ձեռքին:
Ի դեպ, նախագահի նստավայրի մոտ կազմակերպված ցույցի եւ իրականացված ինքնահրկիզման
պահին Ռոբերտ Քոչարյանը նստավայրում չի եղել, քանի որ վաղ առավոտյան նա մեկնել է
Գյումրի` երկրաշարժի 18-ամյա տարելիցի կապակցությամբ:
