Խորհրդարանը հաստատեց սեփականության օտարմանը վերաբերող վիճահարույց օրինագիծը

Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստում երրորդ եւ վերջնական
ընթերցմամբ հաստատեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության
օտարման մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությանը չմասնակցեցին «Ազգային միաբանություն», «Արդարություն» եւ «Օրինաց
երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները, անկախ պատգամավորներից ոմանք:

Ձեռնպահ քվեարկեցին Դաշնակցության խմբակցությունը ներկայացնող երկու գործարար
պատգամավորներ:

«Սա Սահմանադրությանը հակասող օրենք է», - քվեարկությունից առաջ պատգամավորներին
ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը` կոչ անելով
չմասնակցել քվեարկությանը:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված էին սեփականության օտարումից տուժած քաղաքացիները,
ովքեր նիստի գնացող իշխանամետ պատգամավորներին դիմավորում էին «Ամոթ» բացականչություններով, իսկ ընդդիմադիր [վիճահարույց օրինագծին դեմ արտահայտված]
պատգամավորներին` ողջունելով ու հույս հայտնելով. - «Մենք ձեր գործին ենք սպասում»:

Այդուհանդերձ, Ազգային ժողովը 70 կողմ ձայնով երրորդ եւ վերջնական ընթերցմամբ
հաստատեց օրինագիծը:



Աստղիկ Բեդեւյան եւ Շաքե Ավոյան