NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Էլի մեկ զոհ. Ռուսաստանում ֆաշիստները ևս մեկ հայ են սպանել
Հայազգի պատանին վերջին զոհը դարձավ հայերի (և այլ ոչ ռուսների) դեմ ֆաշիստական
խմբավորումների հանցագործությունների երկար շարքում:
Շաբաթ օրը` նոյեմբերի 11-ին, Մոսկվայի մարզի Պուշկինյան շրջանի Իվանտեևկա քաղաքում
ծեծել և դանակահարելով սպանել են 15-ամյա Նարեկ Քոչարյանին:
«Մեր կարծիքով` սա առանձնակի դաժանությամբ կատարված խմբակային հանցագործություն է,
անշուշտ, նազգամիջյան հողի վրա»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում
ասել է Ռուսաստանի հայերի միության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանը:
Փաստաբանը նշել է, որ հանցանքի վայրում հայտնաբերվել է «ֆաշիստական խորհրդանիշերով»
շարֆ:
Ըստ ռուսական «Սովա» վերլուծական կենտրոնի` սափրագլուխները և արմատական ազգայնական
խմբավորումներն այս տարի հարձակումներ են գործել 50 էթնիկ խմբերի, այդ թվում` նաև
հայերի վրա: 14 սպանվածներից 6-ը հայ են:
Նոյեմբերի 15-ին «Հայելի» ակումբում հավաքված մի խումբ մտավորականներ իրենց բողոքի
ձայնն էին բարձրացրել Ռուսաստանում շարունակվող հայերի սպանությունների դեմ:
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծում է, որ սպանությունները
կարելի է բացատրել երկու շարժառիթով:
«Առաջին` հավանաբար Ռուսաստանի հասարակությունը տառապում է այլատյացությունից`
քսենոֆոբիայից: Երկրորդ` կատարվում է հայերին սպանելու քաղաքական պատվեր: Եթե դա
պատվեր է, ուրեմն մենք պետք է պատասխան գործողություններ ձեռնարկենք: Ռուսաստանում
հայերի տարին դառնում է հայերի համար մղձավանջի տարի»,- ասաց Անանյանը:
Պրոֆեսոր Հայկ Ղազարյանը սպանությունների մեջ մեղավոր է համարում Հայաստանում
ստեղծված սոցիալական պայմանները և մատնացույց անում իշխանություններին, որոնք
չկարողացան տանելի պայմաններ ապահովել այն 2 միլիոն հայերի համար, որոնք ստիպված
եղան արտագաղթել Ռուսաստան:
«Սլավոնական ազգերը զարթնել են, պանսլավոնիզմ են իրականացնում և մյուս ազգերին չեն
ճանաչում»,- ասում է նա:
Արվեստագետ Հենրիկ Իգիթյանը և մի շարք մտավորականներ դիմել են Հայաստանում
Ռուսաստանի դեպանություն: Իգիթյանն ասում է, որ ՌԴ դեսպանությունը ոչ միայն
անտարբերություն, այլև բացահայտ հակահայկական մոտեցում է ցուցաբերում:
«Դեսպանն ինձ ասաց. «Հայե՞ր են սպանում: Իսկ որտեղի՞ց գիտեն` ճի՞շտ են սպանում, թե՞
սխալ»,- ասում է Իգիթյանը:
Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի` բացի հայերից Ռուսաստանում ռասիստական
վայրագությունների զոհ են դառնում նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: 2005 թվականին
Ռուսաստանում ռասիստական խմբավորումները սպանել են 28 այլազգի, հարձակումներից
տուժել է 402 մարդ:
«Բավական խիստ է ասել, թե պետությունն է կազմակերպում նման սպանություններն ու
դաժանությունները: Բայց նկատելի է, որ այս սպանությունները հովանավորվում են
որոշակի կառույցների կողմից»,- ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք
Իշխանյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի
վարչության պետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ Ռուսաստանի իշխանությունները
հանդուրժում են ռասիզմի խորացումը:
«Ռուսաստանում հիմա մթնոլորտը շիկացած է: Սպանությունները կամ չեն բացահայտվում,
կամ հետաքննությունն անվերջ ձգձգում են: Դա քաղաքական ծրագրի մի մասն է կազմում,-
ասում է Խառատյանը: - Կասկածում եմ, որ բաց կամ փակ նամակները, կամ ցույցերը օգուտ
կտան, եթե Ռուսաստանը հայերին ոչնչացնելու որոշում է կայացրել: Ռասիզմը շատ լուրջ
պրոբլեմ է, և այն միայն հայերով չի սահմանափակվի»:
Մտավորականները համոզված են, որ Ռուսաստանի առջև արժանապատիվ կանգնելու համար
Հայաստանին հստակ հայեցակարգ է հարկավոր: Անհրաժեշտ է նաև աշխատել իրողությունն
աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:
Միանշանակ կողմ լինելով պայքարին` ռեժիսոր Արմեն Մազմանյանը նշում է. «Ռուսաստանում
կան հարուստ հայեր, որ մի ամբողջ քաղաք կարող են կառուցել, ո՞վ կհանդուրժի դա:
Օրինակ` մեզ մոտ որ լինի, մենք կհանդուրժե՞նք: Դուք տեղ չունեք Ռւսաստանում,
վերցրեք ձեր միլիոններն ու վերադարձեք, Լաչինում մի գյուղ վերցրեք, բդեշխ դարձեք»:
Նարեկ Քոչարյանի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել 1990-ականներին Հայաստանի Մասիսի
շրջանից:
Սպանության առիթով Մոսկվայի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն
Ծատուրյանը նշել է, որ հայկական համայնքը կոչ է անում հատուկ վերահսկողություն
սահմանել հետաքննության վրա, քանի որ այլևս չեն վստահում միլիցիային:
Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
