NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեփականության օտարմանը վերաբերող վիճահարույց օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
Հայաստանի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հասարակության եւ
պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեղան, ձեռնպահ քվեարկեց
երեք պատգամավոր:
Քվեարկությանը չմասնակցեցին «Օրինաց երկիր», «Արդարություն» եւ «Ազգային
միաբանություն» խմբակցությունների պատգամավորները: Կողմ քվեարկեցին ՄԱԿ, ՀՀԿ
խմբակցությունները, «Ժողպատգամավոր» եւ «Գործարար» խմբերը: ՀՅԴ խորհրդարանական
խմբակցությունից երեք պատգամավոր ձեռնպահ մնաց, մյուսները կողմ քվեարկեցին:
Ազգային ժողովի մուտքի մոտ կրկին հավաքված էին Հյուսիսային պողոտայի տարածքի,
Կոզեռն թաղամասի, իրենց օտարման զոհեր համարող այլ տարածքների բնակիչներ, որոնց
ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ շենք մտնող պատգամավորներին:
«Ցանկությունը միակն է` հանդիպել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին եւ նրանց
հետ ունենալ զրույց: Ի վերջո, մենք ենք նրանց ընտրել եւ ուզում ենք իմանալ` նրանք
կարդացե՞լ են այդ օրենքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը:
Կառավարության հեղինակած այս նախագիծը սահմանում է հանրային, գերակա շահի դեպքերը,
ձեռք բերողի եւ սեփականատիրոջ համաձայնությունը չլինելու դեպքում՝ դատական կարգով
հարցի լուծման հանգամանքները:
Ընդդիմախոսները պայքարում են, որ օրենքն ունենա հետադարձ ուժ, որ օտարվող գույքի
ձեռք բերողը լինի միմիայն պետությունը, որ քաղաքաշինական ամեն ծրագիր չհամարվի
գերակա հանրային շահ եւ այլն:
Օրինագծի երրորդ ընթերցումը ընդգրկված է քառօրյայի օրակարգում:
Աստղիկ Բեդեւյան
