NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սեփականության օտարմանը վերաբերող օրենքի նախագիծը
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակության եւ
պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը եւ դրան
առնչվող օրենքներում փոփոխությունները:
Ընդդիմությունը եւ մի շարք անկախ պատգամավորներ՝ դահլիճում նստած, չմասնակցեցին
քվեարկությունը: Եվ եթե Դաշնակցությունն էլ ձեռնպահ քվեարկելու փոխարեն նույն կերպ
վարվեր, քվորում չէր ապահովվի, եւ նախագիծը չէր ընդունվի:
Կառավարության հեղինակած այս նախագիծը սահմանում է հանրային, գերակա շահի դեպքերը,
ձեռք բերողի եւ սեփականատիրոջ համաձայնությունը չլինելու դեպքում՝ դատական կարգով
հարցի լուծման հանգամանքները, համարժեք փոխհատուցման չափը, որը պետք է լինի օտարվող
գույքի շուկայական արժեքից 15 տոկոս ավելի: Հարկ է նկատել, որ համարժեք
փոխհատուցում ասելով` նախագիծը բացառում է, ասենք, անշարժ գույքն այլ բնակարանով
կամ հողամասով փոխհատուցելու պարտադրանքը: Ընդդիմախոսները պայքարում են, որ օրենքն
ունենա հետադարձ ուժ, որ օտարվող գույքի ձեռք բերողը լինի միմիայն պետությունը, որ
քաղաքաշինական ամեն ծրագիր չհամարվի գերակա հանրային շահ եւ այլն:
Արտահերթ նիստն սկսելուց շատ առաջ խորհրդարանի պատգամավորական մուտքի մոտ հարյուրից
ավելի մարդ էր հավաքվել, որոնք ներս մտնող պատգամավորներին հորդորում էին չընդունել
օրենքը: Պատգամավորներից շատ քչերն էին կանգ առնում՝ ականջալուր լինելու, թե ինչ են
ուզում հավաքվածները:
«Այս օրենքը ոչ թե պետության ու հասարակության համար է, այլ ինչ-որ մարդկանց խավի
բիզնես ծրագիրը ապահովելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի
մասնակիցներից «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ
Սեդրակ Բաղդասարյանն էր:
Ամեն դեպքում, վաղուց է տպավորություն ձեւավորվել, որ խնդիրը ոչ այնքան
օրենսդրության մեջ է, որքան կամայականությունների, ինչի արդյունքում նախկին
սեփականատերերն արդեն քաղաքական պայքարի կոչ են անում:
«Մենք արդեն երկուշաբթի օրվանից անհնազանդություն ենք հայտնելու: Ժողովուրդը արդեն
հասկանում է, որ իրենց իրավունքները ոտնահարված են. պետք է ոտքի կանգնենք ու
պահանջենք իրենց հրաժարականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սեփականության
իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան
Հակոբյանը:
Ռուզաննա Խաչատրյան
