NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Transparency International-ի աղյուսակում Հայաստանը մնացել է նույն տեղում
Ըստ Transparency International միջազգային կազմակերպության` երկուշաբթի օրը
հրապարակած աղյուսակի, կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում 2006 թվականին
փոփոխության չի ենթարկվել անցած տարվա համեմատությամբ: 163 երկրների շարքում այդ
ցուցանիշով Հայաստանում մնացել է նույն 93-րդ տեղում:
Այդ տեղը Հայաստանը կիսում է Արգենտինայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Էրիթրեայի,
Սիրիայի եւ Տանզանիայի հետ:
Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանի
մեկնաբանությամբ, հրապարակվածը «միայն ձեռներեցների եւ փորձագետների կարծիքն է». -
«Մեր ուսումնասիրությունները եւ այլ ուսումնասիրությունները, որոնք գնահատում են
հասարակության կարծիքը, ունեն ավելի տխուր տվյալներ, որոնք կհրապարակենք»:
Ամալյա Կոստանյանի գնահատմամբ, հակակոռուպցիոն հանձնաժողովը 2006-ին բավական
անարդյունավետ է գործել: Նրա հավաստմամբ, անցած 10 ամսվա ընթացքում այդ կառույցը,
որ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, նիստ չի գումարել:
Կոստանյանի խոսքերով, չնայած ընդունված մի շարք օրենքներին ու ստեղծված մի շարք
հակակոռուպցիոն կառույցներին, Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը դեռեւս կրում է
«իմիտացիոն բնույթ». - «Ունենք օրենքներ, որոնք չեն կատարվում... Չկա պատժվող
բարձրաստիճան պաշտոնյա, եւ ամենակարեւորը` իշխանությունները ընտրությունների շեմին
ոչ մի պատասխանատվություն չեն կրում ձախողման համար»:
Երկիրը տնտեսական երկնիշ աճ արձանագրելուն համընթաց, փորձագետների
ուսումնասիրության համաձայն, արձանագրում է նաեւ կոռուպցիայի աճ. - «Ո՞ւր է գնում
այդ հարստությունը եւ ո՞վ է օգտվում այդ տնտեսական աճից... Եվ ինչքանո՞վ է
ապահովվում սոցիալական արդարությունը այս երկրում»:
Քաղաքական կոռուպցիան, Ամալյա Կոստանյանի գնահատմամբ, այսօր «անթաքույց» է. -
«Տեսնում ենք հատկապես հեռուստատեսությամբ վարչական ռեսուրսների չարաշահման դեպքեր,
երբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հավակնում են իշխանության գալ ապագայում,
արդեն օգտագործում են եւ իրենց դիրքը, եւ հեռուստատեսության միջոցները»:
Նախորդ տարվա համեմատ կոռուպցիայի մակարդակի վատթարացում են արձանագրել մոտ մեկ
տասնյակի հասնող երկրներ` այդ թվում Միացյալ Նահանգները: Կոռուպցիայի մակարդակի
բարելավում է զգացվել, օրինակ, մեր տարածաշրջանային հարեւան Թուրքիայի մոտ: Նախկին
խորհրդային հանրապետություններից կոռուպցիայի ցուցանիշը բարելավել են Լատվիան եւ
Թուրքմենստանը:
ԱՊՀ-ի երկրներից կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից փոքր-ինչ բարվոք
վիճակում է Մոլդովան: Հայաստանից ավելի բարձր կոռուպցիայի ցուցանիշներ ունեն ԱՊՀ-ի
մյուս բոլոր երկրները:
Ամենակոռումպացված երկիրը, ըստ Transparency International-ի
ուսումնասիրությունների, Հաիթին է, իսկ կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող
երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան:
Աստղիկ Բեդեւյան
