NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Freedom House-ի հայտարարությունը մեկնաբանում են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները
«Շատ զարմանալի է, որ նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը նման
կոչեր է անում», - ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական
կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի
հարցազրույցում մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության
հայտարարությունը:
Ուրբաթ օրը Freedom House-ը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ է արել
դադարեցնել Հայաստանին տրամադրվելիք օգնությունը, քանի որ «Հայաստանը չի կատարել
կորպորացիային տված իր խոստումը՝ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը
ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանը ընդդիմության հանդեպ»:
«Հակառակ կորպորացիայի գլխավոր գործադիր պաշտոնյա, դեսպան Դանիլովիչի հորդորի՝ 2005
թվականի նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումները չեն
հետաքննվել: Հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների կենսագործումը 2006
թվականին կանգ է առել, եւ ընդդիմության կարծիքով, առաջիկա ընտրությունները կրկին
ուղեկցվելու են խախտումներով: Բազում հակաժողովրդավարական միջոցներ են կիրառվում
իշխանությունը պահելու համար: Դատական ճյուղը մնում է գործադիր ճյուղի կողմից
քաղաքական ճնշման առարկա: Չնայած նոր օրենսդրություն է ընդունվել լրատվամիջոցների
անկախությունն ապահովելու նպատակով, մթնոլորտը լրատվության բնագավառում չի
բարելավվել, եւ բռնությամբ ուղեկցվող հարձակումները լրագրողների վրա շարունակվում
են», - ասված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:
Տիգրան Թորոսյանի կարծիքով, փորձ է արվում «Հազարամյակի մարտահրավերներ»
կորպորացիայի վրա ճնշում գործադրել, իսկ «այն «հիմնավորումները», որ բերվում են,
բացարձակապես զուրկ են հիմքից»:
«Ճիշտ հակառակը՝ ես խորհուրդ կտայի, որ իրենք նայեն այն ցուցանիշները, որ հենց
իրենք են արձանագրել Հայաստանի պարագայում եւ 2006 թվականին բարելավում են
արձանագրել», - ասաց Տիգրան Թորոսյանը: - «Հենց Freedom House-ը բարելավում է
արձանագրել Հայաստանի ցուցանիշներում»:
Ավելին, Ազգային ժողովի նախագահի խոսքերով, «բացարձակապես մասնագիտական գնահատական
չէ» հայտարարությունը «հանրաքվեով հաստատված երկչոտ բարեփոխումների» մասին. - «Սա
ցույց է տալիս, որ ուղղակի միտումներ կան այս գնահատականների մեջ»:
Թորոսյանը զարմանալի է համարում նաեւ այն, որ «միակողմանի գնահատականներ են տրվում,
ընդ որում՝ ընտրություններից 6-7 ամիս առաջ, ապագա ընտրությունների որակի
վերաբերյալ, ընդ որում՝ առանց որեւէ հիմնավորման»:
«Այս ամենը ակնհայտորեն ցույց է տալիս մեկ բան՝ որ սա զուտ քաղաքական նպատակներ
հետապնդող հայտարարություն է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը:
Թե ի՞նչ նպատակներ՝ Թորոսյանը չկոնկրետացրեց. - «Թող իրենք մեկնաբանեն: Բայց ես
նշեցի մի քանի ակնհայտ փաստ, որոնք ցույց են տալիս, որ սա չի կարելի որպես չեզոք
գնահատական ներկայացնել»:
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության
ղեկավար Արտաշես Գեղամյանը նույն հարցի առնչությամբ հայտարարեց. - «Ցավ եմ ապրում,
որ Freedom House-ը իր սկզբունքային որոշումը կայացնելիս հաշվի չի առել դրա
հետեւանքները»:
Իսկ հետեւանքները, ըստ Գեղամյանի, հետեւյալն են. - «Ըստ էության, այսօր այս
հակաժողովրդական, ոչ լեգիտիմ իշխանությունները հիմա մեր ազգին, մեր ժողովրդին կասեն՝
տեսեք, ընդդիմության ատելությունը մեր հանդեպ ինչքան շատ էր, որ հայ գյուղացուն
զրկեցին օգնությունից: Թշնամանքի սերմ կփորձեն սերմանել գյուղական բոլոր այն
վայրերում, որտեղ այդ ծրագրի շրջանակներում պետք է բավական լուրջ աշխատանքներ
կատարվեին»:
«Ստացվում է այնպես, որ ապիկար իշխանությունների համար պատիժը կրելու են ոչ թե
իշխանությունները, այլ ժողովուրդը», - ամփոփեց Արտաշես Գեղամյանը:
Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը
պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին
օգնություն ստանալու համար:
