Հայաստանի բնակչության 29 տոկոսը բավարար չափով սնունդ չի ստանում

ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության երեկ հրապարակած զեկույցը
վկայում է` Հայաստանը շարունակում է մնալ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի այն
պետությունները շարքում, որոնցում բավական մեծ է թերսնմամբ տառապող մարդկանց թիվը:

ՄԱԿ-ի փորձագետների գնահատմամբ, ԱՊՀ-ի տարածքում այս ցուցանիշով Հայաստանը
հետնապահների թվում է` Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ միասին:

Հետխորհրդային տարածքում այս առումով ամենաբարվոք կացությունը Բելառուսում,
Ուկրաինայում եւ Ռուսաստանում է:

Ինչ վերաբերում է Հայաստանի անմիջական հարեւաններին, ապա Վրաստանն ու Ադրբեջանը,
ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության, այս ոլորտում ամենալուրջ դրական տեղաշարժ
ապահոված պետություններն են նախկին խորհրդային հանրապետություններից:

Ինչպես նշված է զեկույցում, եթե 1993-1995 թվականներին Վրաստանում ու Ադրբեջանում
սովի եզրին գտնվող մարդկանց թիվը հասնում էր 2,5 միլիոնի, ապա մի քանի տարի անց`
2001-2003 թվականներին, այդ թիվը կրճատվել է մինչեւ 700 հազար:

Հայաստանի դեպքում եւս ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը դրական
տեղաշարժ է արձանագրում: Եթե 90-ականների կեսերին բավարար քանակով սննդից զուրկ էր
երկրի բնակչության գերակշիռ մասը` 52 տոկոսը, ապա այսօր այդ թիվը կրճատվել է մինչեւ
29 տոկոս: Սակայն այս ցուցանիշը նույնպես, ըստ Պարենի ու գյուղատնտեսության
կազմակերպության մասնագետների, բավական բարձր է եւ չի կարող չանհանգստացնել:

Որպես թերսնմանը հանգեցնող պատճառներ ՄԱԿ-ում նշում են պատերազմները, բնական
աղետները եւ այս ամենի հետեւանք հանդիսացող ծայրահեղ աղքատությունը:

Ծայրահեղ աղքատության ցուցանիշով եւս Հայաստանը բավական հետ է եւ իր 10 տոկոսով ԱՊՀ-ի
երկրներից զիջում է միայն Մոլդովային ու Ուզբեկստանին:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա