Տարրական ողջամտությո՞ւնն է պահանջում Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը փոփոխել

Քննարկումների առանցքում Ընտրական օրենսգրքի և հեռուստատեսության ու ռադիոյի մասին
օրենքի նախագծի փոփոխություններն էին: Առաջիկա քառօրյայում Ընտրական օրենսգիրքը
առաջին ընթերցմամբ քննարկվելու է խորհրդարանում, իսկ դեկտեմբերյան քառօրյայում
կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ` այդ ընթացքում ստանալով վերջնական փորձագիտական
եզրակացությունը:



ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը վերահաստատեց ԵԱՀԿ
պատրաստակամությունն` աջակցել բարձրամակարդակ Ընտրական օրենսգրքի ընդունմանը:



Նա միաժամանակ խնդրեց ԱԺ նախագահին, որ հայկական կողմը մինչև տարեվերջ հրավեր
ուղարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միջազգային կազմակերպությունների
դիտորդական առաքելության իրականացման համար:



Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ և □Հեռուստատեսության ու ռադիոյի մասին□
օրինագծին, որ, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, օրենսդրական
փոփոխությունների շրջագծում է: Պարոն Պրյախինը նշեց, որ ԵԱՀԿ մտահոգությունը կապված
է օրինագիծն առանց հանրային քննարկումների և լրագրողական շրջանակների հավանությանն
արժանանալուց առաջ Ազգային ժողովում քննարկելուն, նա իր գոհունակությունը հայտնեց,
որ Աժ նախագահը կասեցրել է օրինագծի հետագա քննարկումը: (Հետաքրքիր է, որ Տիգրան
Թորոսյանը օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորներին կոչ էր անում կողմ քվեարկել,
որից հետո արդեն բարելավվել-Խմբ )



Պարոն Պրյախինը նաև թերահավատություն հայտնեց արդարադատության նախարարության կայք
էջում օրինագծի էլեկտրոնային քննարկման արդյունավետության առնչությամբ, քանի որ
կապի այդ տեսակը, թեեւ աշխարհում լայնորեն ընդունված է, բայց Հայաստանում դեռ
պատշաճ տարածում չունի: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` օրինագծի ընդունման
հապաղումը ուղղակի ժամանակի կորուստ է խորհրդարանական ընտրություններից առաջ. բացի
այն, որ օրինագծի ընդունումը պարտավորությունների կատարման շրջագծում է, օրինագծով
կարգավորվում է էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը, որը շատ կարևոր է
նախընտրական շրջանում:



Խորհրդարանի նախագահը նշեց, որ կասկած չունի լավագույն օրենք ունենալու ցանկության
վերաբերյալ, բայց տարրական ողջամտությունը պահանջում էր, որ օրինագիծն ընդունվի
առաջին ընթերցումով և մինչև երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կատարվեն
անհրաժեշտ փոփոխությունները (որ ընդունված և իրեն արդարացրած ընթացակարգ է Ազգային
ժողովում): Իսկ ստեղծված իրավիճակում հազիվ թե օրինագիծն ընդունվի աշնանային
նստաշրջանում, քանի որ որևէ օրինագիծ դեռևս չի ներկայացված Ազգային ժողով:
Այնուամենայնիվ` պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ գարնանային նստաշրջանում
օրինագիծը կընդունվի:



Ի դեպ, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի փորձագետները գտնում են, որ եթե
օրինագիծն ընդունվեր առաջին ընթերցմամբ, դրանից հետո պարզապես անհնար կլիներ
հոդվածներ ավելացնել կամ պակասեցնել: