NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բուզանդցիներին Սահմանադրական դատարանն էլ չօգնեց
Չնայած հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Սահամանդրական Դատարանի որոշումը,
պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացը հակասահմանադրական
ճանաչելու վերաբերյալ, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են Բուզանդ փողոցի կանգուն
մնացած բնակարանների բնակիչներին վտարման ծանուցագրեր ուղարկվել:
Բուզանդի 97 հասցեում բնակվող Շատվորյանների ընտանիքը՝ կին, ամուսին եւ երկու
անչափահաս երեխա, Վերաքննիչ դատարանի որոշմամբ պետք է վտարվի՝ ի օգուտ ԾԻԳ-ի: Նրանց
բնակարանի գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում: Ու չնայած դրան Բուզանդի 97
հասցե շարունակում են այցելել դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակի
աշխատակիցները: Այդպիսի վերջին այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Եկել
էին ասելու, որ 5 օրից մեզ պետք է վտարեն: Մենք էլ զգուշացրեցինք, որ մեր գործը դեռ
Վճռաբեկ դատարանում է: Նրանցից Ալիկ Ավետիսյանը զգուշացման համար մեզանից 10 000
դրամ պահանջեց: Քանի որ այդքան գումար չկար ձեռքս, տվեցի 5000 դրամ: Ես էլ դրա
դիմաց անդորագիր պահանջեցի, բայց չտվեցին»,- պատմում է տանտիկին Արմինեն:
Շատվորյանների տունը Արմինեի ամուսնու հայրական բնակարանն է, սակայն նրանք մինչ օրս
գրանցում չունեն: Նրանք հրաժարվում են դուրս գալ, քանի որ ԾԻԳ-ը, որը գնել է այս
տարածքը եւ դիմել է դատարան, ըստ Շատվորյանների, վտարում է առանց որեւէ գումարի: «Ասենք
դուրս գանք, բա, ո՞ւր գնանք առանց փող: Այստեղ են ծնվել իմ զավակները, սա ամուսնուս
տունն է, ոնց կարող ենք առանց գումարի դուրս գալ»,- դժգոհում է Արմինեն:
Շատվորյանների ընտանիքի վերջին հույսը մնացել է Վճռաբեկ դատարանի որոշումը: Եթե
վերջինս էլ ի օգուտ ԾԻԳ-ի որոշում կայացնի, ապա այս ընտանիքը եւս շատ եւ շատ այլ
բուզանդցիների նման անօթեւան մնալու ճակատագրին կարժանանա:
