NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թոշակառուների ճակատագիրը ՍԴ ձեռքում
ՍԴ-ը առաջիկայում կորոշի, թե որքանով է «Սոցիալական ապահովության քարտերի մասին»
օրենքը համապատասխանում սահմանադրությանը: Այսօր ՍԴ -ում շարունակվեց
կենսաթոշակառուներ Մանուշակ Քոչարյանի եւ Հրանուշ Դավթյանի դիմումների քննումը՝ «Սոցիալական
ապահովության քարտերի մասին» օրենքի 11 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ:
Ըստ այդ հոդվածի` սոցքարտի կիրառումը պարտադիր պայման է տարբեր գործարքներ
իրականացնելիս, այդ թվում աշխատավարձ եւ թոշակ ստանալիս:
Հայաստանում ապրող ավելի քան 1317թոշակառուների կենսաթոշակի վճարումը Սոցիալական
ապահովության եւ աշխատանքի նախարարությունը կասեցրել է՝ սոցիալական քարտ չունենալու
պատճառով: Նրանք հրաժարվում են ստանալ այդ քարտը կրոնական համոզմունքներից ելնելով:
Ըստ Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի, 2006թ սեպտեմբերի 1-ից
չվճարված կենսաթոշակների ընդանուր գումարը հոկտեմբերի 3-ի դրությամբ, կազմել է մոտ
270 մլն դրամ:
Նոր Արեշի, 4-րդ փողոցի, 59 տան բնակիչ Վաչիկ Սերոբյանը մոտ երկու տարի է չի ստացել
իր ամսեկան 8200 դրամ թոշակը: Նախարարությունում նրան ասել են, որ այնքան ժամանակ
չի ստանա իր թոշակը, մինչեւ չներկայացնի սոցալական ապահովության քարտ: Վաչիկ
Սերոբյանը եւ նրա նման 100 հազար քաղաքացիներ ստորագրել են ՍԴ ներկայացված դիմումի
տակ` համոզված, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ
հոդվածը հակասում է սահմանադրությանը, քանի որ պետությունը չի ապահովում անհատի
հիմնական սոցիալական ապահովության բացարձակ իրավունքը՝ կենսաթոշակի վճարումը եւ դեմ
է իրենց կրոնական համոզմունքներին: Ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ
Հարությունյանը տեղեկացրեց, որ Կրթության եւ գիտության նախարարը նույնպես դժգոհել է
սոցքարտերի համակարգի պարտադրաբար ներդնելուց եւ ասել, որ Շիրակի մարզում երկու
ուսուցչուհի, սոցքարտի պատճառով շուրջ 18 ամիս զրկվել են աշխատավարձից եւ ստիպված
հեռացել են աշխատանքից:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը գտնում է որ
սոց.քարտերի համակարգը չի վիրավորում մարդկանց հոգեւոր սկզբունքները: Հայցվոր կողմը
հարցրեց նախարարից, թե որքանով է ծանոթ նախարարը Սուրբ գրքին, որ նման
հայտարարություն է անում:«Այնքանով, որքանով ես հայ քրիստոնյա եմ», եղավ պատասխանը,
որը չգիտես ինչու, բողոքի ալիք բարձրացրեց դահլիճում: «Ստախոս, ամոթ քեզ», -այս եւ
նման բովանդակությամբ ռեպլիկներ հնչեցին դահլիճից: «Իմ խորին համոզմամբ, մենք որեւէ
իրավունք չենք ոտնահարել, առավելագույնս տվել ենք այլընտրանքային
հնարավորություններ», -հայտարարում էր նախարարը` ավելացնելով, որ շարունակվելու են
չվճարումները, այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները չեն ստացել իրենց քարտերը. «Մենք
սոցիալական իրավունքները լիարժեք իրականացնելու հնարավորությունից կզրկվենք, եթե
չկիրառենք օրենքը»: Ի դեպ Աղվան Վարդանյանը խոսելիս, մերթ ընդ մերթ շրջվում էր դեպի
դահլիճ եւ ներողություն հայցում թոշակառուներից, նրանց հասցրած «նեղության» համար:
